Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Սարգսյան. «Դու չես ինձ սովորեցնելու այս երկրի օրենքները»


Այսօր ժամը 16-ի սահմաններում տհաճ միջադեպի ականատեսը դարձանք 10/20 ընտրական տեղամասում, որ տեղակայված է թիվ 114 դպրոցում։ Տեղամաս մեր մուտք գործելու պահին լսեցինք հայհոյանք` ռուսերենով։ Առաջանալով մինչեւ քվեախցիկ պարզեցինք, որ հայհոյողը քվեարկելու եկած Ազգային Ժողովի պատգամավոր, նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է։

Նա գոռում էր մի կնոջ վրա, ով փորձում էր պատգամավորի եւ հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել պատգամավորի կողմից թույլ տրված խախտման փաստի վրա` Ալեքսանդր Սարգսյանը բաց քվեարկություն էր իրականացնում, թեեւ դա արգելված է գործող օրենսդրությամբ։

Ոչ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահն ու անդամները, ոչ էլ տարածքի կարգուկանոնին հետեւող ոստիկանները չհամարձակվեցին որեւէ կերպ արձագանքել զինված թիկնապահների ուղեկցությամբ ընտրատարածք եկած պատգամավորի նման պահվածքին, հետո էլ ընդհանրապես հերքում էին, թե որեւէ միջադեպ է տեղի ունեցել։

«Դու չես ինձ սովորեցնելու այս երկրի օրենքները», - խախտումը մատնանշող կնոջն ասաց Ալեքսանդր Սարգսյանը եւ հանգիստ հեռացավ ընտրատեղամասից։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիտորդ ներկայացած, սակայն անունը հայտնել չցանկացած այս կինը փոխանցեց հետեւյալը. - «Ժամը 16։05-ի սահմաններում 10/20 տեղամասում ընտրողը մոտեցավ, փորձեց բացահայտորեն բաց քվեարկություն իրականացնել։ Ներկա էին տեղամասի նախագահը, վստահված անձինք՝ տեսնում էին, որ բաց քվեարկություն է ընթանում։ Ես միջամտեցի՝ ասացի խնդրեմ, հարգելի ընտրող, կատարեք փակ քվեարկություն։ Ինքն ասաց, որ դուք չէ, որ ինձ օրենքը պետք է սովորեցնեք եւ ռուսերեն հայհոյեց։ Շատ տհաճ, ամոթալի միջադեպ էր»։

«Պատրաստվում ենք փաստը արձանագրել եւ հետապնդել օրենքի շրջանակներում», - տեղեկացրեց ՀԱԿ-ի դիտորդը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG