Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել


Մայրաքաղաքի բոլոր ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն իրականացնող «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմաթիվ խախտումներ են արձանագրել գրեթե բոլոր համայնքներում:

Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց. - «Նոր Նորքի 3/31, 3/34, 3/35 ընտրատեղամասերում փաստորեն «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից անարգել նկարահանվում է ամբողջ ընտրագործընթացը, որի իրավունքը չկա: Ընտրական օրենսգիրքը ասում է՝ միայն հաշվման պրոցեսը: Սրա մասին ահազանգել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նրանք խոստացան, որ քայլեր կձեռնարկեն, բայց, ցավոք սրտի, դեռեւս մենք այդ քայլերը չենք տեսնում»:

Նրա խոսքով, որոշ ընտրական տեղամասերում` 9/3, 9/11, 10/10, 10/22, 10/28 եւ Կենտրոն համայնքի այլ ընտրատեղամասերում, կազմակերպության դիտորդերին մերժել են հաշվման պրոցեսից հետո ամփոփիչ արձանագրությունները կամ քաղվածքները տրամադրելը:

«Դա նույնպես Ընտրական օրենսգրքի խիստ խախտում է», - շարունակեց նա: - «Պատճառաբանությունը անհիմն է: Բացատրում են, որ այդքան օրինակներ չունեն»:

Այս կապակցությամբ նույնպես ահազանգել են ԿԸՀ, որտեղից հավաստիացրել են, որ բոլոր ընտրատեղամասերը ապահովված են եւ կարող են տրամադրել համապատասխան քանակի արձանագրություններ թե’ դիտորդներին, թե’ վստահված անձանց:

Կազմակերպության դիտորդներն արձանագրել են նաեւ թիվ 9/1 ընտրատեղամասում լրագրողների նկատմամբ կատարված բռնության դեպքը:

Ընտրական ողջ գործընթացի վերաբերյալ ամփոփիչ ասուլիսով Հարություն Համբարձումյանը հանդես կգա հունիսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG