Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Վրաստանում


Վրաստան - Ընդդիմության ցույցը, Թբիլիսի, 28 մայիսի, 2009
Վրաստան - Ընդդիմության ցույցը, Թբիլիսի, 28 մայիսի, 2009

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` անցած գիշեր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի են ունեցել բախումներ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել առնվազն 20 մարդ, այդ թվում ոստիկաններ, որոնցից 5-ը դանակահարվել եւ հիվանդանոց է տեղափոխվել

«Մենք դեմ չենք, որ ցուցարարները խաղաղ եւ օրինական եղանակով իրենց տեսակետները հայտնեն, բայց նաեւ պարտավորված ենք հասարակական կարգն ապահովել», - հայտարարել է ոստիկանության խոսնակ Էդուարդ Զգուլաձեն:

Ընդդիմադիր Պահպանողական կուսակցության ղեկավար Էդվարդ Ձիձիգուրիի պնդմամբ, մինչդեռ, բախումները կառավարության պաշտոնյաներն են հրահրում: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Սահակաշվիլիի վարչակազմը նոր սադրանքներ է ծրագրում», - ասել է Ձիձիգուրին:

Ընդդիմության առաջնորդներից` խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ հավանական նոր բախումները կանխելու նպատակով ընդդիմությունը չեղյալ է հայտարարել այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված հանրահավաքը:

Նախագահ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքների հերթական փուլը սկսվել է այս տարվա ապրիլից: Նախագահը պնդում է, որ տեղի չի տալու եւ պաշտոնավարելու է մինչեւ 2012 թվականը, ինչպես եւ նախատեսված է երկրի Սահմանադրությամբ: Երկուշաբթի օրը նա կարգադրել է մայրաքաղաքում տեղակայել ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ ստորաբաժանումներ:

Երեկ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը խոսել է երկրում անդորրը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին, ընդ որում, հարցի կարգավորման տարբերակների թվում նշել է նաեւ արտահերթ ընտրությունների հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG