Մատչելիության հղումներ

Մայիսի 29-ի մամուլ


«Առավոտ»-ը գրում է. - «Քարոզարշավի սկզբում լրագրողներից մեկը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս նորից ՀՅԴ ցուցակում հայտնվեց Ռուբեն Հախվերդյանը, որը 2008-ի ընտրություններից հետո քննադատել էր ՀՅԴ-ին: [Պատասխան.] «ՀՅԴ-ին քննադատել են նաեւ Լեռ Կամսարն ու Եղիշե Չարենցը: Բայց ոչ ոք այնպես տիրություն չի արել նրանց, ինչպես Դաշնակցությունը: Եվ շատ ուրիշների էլ: Ռուբեն Հախվերդյանը, որն իր իսկ հայտարարությամբ` գաղափարներով ավելի մոտ է ՀՅԴ-ին, նաեւ ինչ-ինչ խնդիրներում կարող է քննադատել»:

«Առավոտ»-ը գրում է. - «Քարոզարշավի սկզբում լրագրողներից մեկը ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս նորից ՀՅԴ ցուցակում հայտնվեց Ռուբեն Հախվերդյանը, որը 2008-ի ընտրություններից հետո քննադատել էր ՀՅԴ-ին: [Պատասխան.] «ՀՅԴ-ին քննադատել են նաեւ Լեռ Կամսարն ու Եղիշե Չարենցը: Բայց ոչ ոք այնպես տիրություն չի արել նրանց, ինչպես Դաշնակցությունը: Եվ շատ ուրիշների էլ: Ռուբեն Հախվերդյանը, որն իր իսկ հայտարարությամբ` գաղափարներով ավելի մոտ է ՀՅԴ-ին, նաեւ ինչ-ինչ խնդիրներում կարող է քննադատել»:

«Ազգ»-ը ենթադրություններ է անում ենթադրվող համաներման վերաբերյալ. - «Համաներումը դժվար չէ կռահել, որ կվերաբերի 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ձերբակալվածներին, որոնց առնչությամբ «7-ի գործը» բաժանվեց մասերի: Առավել եւս հաշվի առնենք, որ առջեւում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, որտեղ Հայաստանի հարցով համազեկուցողները կարող էին կրկին ծանր կացության մեջ դնել Հայաստանին` ԵԽԽՎ պահանջները ամբողջությամբ չկատարելու համար: Եթե համաներման գործընթացը արագ անցկացվի եւ իսկապես ընդգրկի «7-ի գործով» ձերբակալվածներին, ապա ԵԽԽՎ-ն ամենայն հավանականությամբ գոհ կմնա ԵԽԽՎ բանաձեւերի կատարումից: Միեւնույն ժամանակ, Հայաստանը կարող է մնալ մոնիտորինգի հանձնաժողովի համար դիտարկման երկիր, քանի որ ԵԽԽՎ բանաձեւերում ընդգրկված պահանջ-առաջարկությունները չեն վերաբերում միայն բանտարկյալներին»:

Համաներման հարցը նաեւ «Տարեգիր» թերթի ուշադրության կենտրոնում է. - «Համաներումից խուսափելու՝ Սերժ Սարգսյանի մղումը որեւէ մեկի համար անակնկալ չէր, սակայն այն, որ նա նույնիսկ չի տիրապետում համաներման գործընթացին, նորություն էր: Երեկ Սարդարապատում համաներման մասին նրա հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ նա «երազում է» համաներում հայտարարելու մասին, սակայն որպես ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրած մարդ՝ չունի նման լիազորություն եւ աջակցություն խնդրեց: Այսինքն, այս ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը չգիտեր, թե ում դիմի օգնության համար, չգիտեր, թե հասարակությունը ինչ է մտածում իր կամ երկրում իր շնորհիվ ստեղծված իրավիճակի մասին: Գուցե նրա խոսքերը հավատ ներշնչեին, եթե նա գրաված չլիներ ՀՀ նախագահ աթոռը կամ խոսեր մեկ այլ երկրի մասին: Սերժ Սարգսյանը մոռանում է, որ իրեն ՀՀ-ում բավականին լավ են ճանաչում, եւ իր խոսքերին չեն հավատում նույնիսկ իր շուրջը տարբեր պատճառներով կուտակվածները»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եվ այսպես, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտեցավ ավարտին։ Այս քարոզարշավն առանձնապես չէր տարբերվում նախորդներից։ Տեղի ունեցած իրադարձություններն ընդհանուր առմամբ օրինաչափ էին ու սպասելի, քանզի դրանք բոլորն էլ բխում էին մեր կյանքի լայնատարած գետից, որը վեհասքանչ ու անշտապ գլորում է իր քաղաքական, գործարար ու քրեական ալիքները դեպի մշուշոտ ապագա։ Եվ ճիշտ այնպես, ինչպեսեւ սովորաբար, գետից բխող ոչ մի իրադարձություն, նույնիսկ եթե առաջին հայացքից հոսում էր ինչ-որ կողմնակի ուղղությամբ, լրիվ անկապ, չէր մնում աննկատ։ Անպայման գտնվում էր ճարպիկ մեկը, որը տեղնուտեղը ճանկում ու օգտագործում էր այն հօգուտ իրեն. առվակի վրա ամբարտակ կառուցում, ջրաղաց տեղադրում եւ ուրախ-զվարթ սկսում աղալ առաջիկա հաջողության ցորենը»։

«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքի կանցնի հեռահաղորդակցության ոլորտում։ Նա առաջադրվել է որպես հեռահաղորդակցության ոլորտի ռուսական խոշորագույն «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ։ Ընկերության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանոր առմամբ տնօրենների խորհրդի անդամ առաջադրվել է 13 մարդ։ «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմը պետք է հաստատվի 2009թ. հունիսի 27-ին՝ բաժնետերերի տարեկան ժողովում։ Ընկերությանն է պատկանում ՄՏՍ-ի 53,1% եւ «Կոմստար-ՕՏՍ»-ի 50,9% բաժնետոմսերը, վերջիններս էլ համապատասխանաբար հանդիսանում են Հայաստանի երկրորդ բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (ապրանքանիշը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ») եւ «Կոռնետ-ԱՄ» ինտերնետ պրովայադերի հիմնական բաժնետերերը»։

«Առավոտ»-ում հոդված է գրել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասում է. - «Հայաստանի տնտեսությունը անկման մեջ է, եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դրա մի քանի պատճառներից ընդամենը մեկն է: Կառավարության արձագանքը համաշխարհային տնտեսական ճգնաժամին այսօր ուղղված է ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաեւ «մոնումենտալ» նախագծերի վրա, օրինակ՝ նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթուղու նախագծերը: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի երկրորդ ուղղությունը աջակցությունն է իրենց արտադրանքն արտահանող եւ տեղական հումք օգտագործող մասնավոր ձեռնարկություններին: Եվ վերջապես, կառավարությունը ծրագրում է լրացուցիչ վարկավորում տրամադրել փոքր եւ միջին բիզնեսին, վերջերս նաեւ որոշում է կայացվել շինարարական ընկերություններին աջակցելու մասին: Այս ամենը չափազանց քիչ է, խիստ ընտրովի եւ շատ դանդաղ: Հայաստանի տնտեսական անկման պատճառներից մյուսը ժամանակավրեպ հարկային բարեփոխումների քաղաքականությունն է, որը միտված է արդեն գոյություն ունեցող հարկային ռեսուրսների բացահայտմանն ու մաքսիմալ օգտագործմանը: Խոշոր ձեռնարկություններում հարկային մարմինների ներկայացուցիչների տեղակայման նոր նախաձեռնությունը նույնպես հապճեպ եւ լավ չմտածված որոշում է, որն ակնհայտորեն անարդյունավետ է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG