Մատչելիության հղումներ

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում նախագահ Սերժ Սարգսյանին «վերանայել իրականացվող քաղաքականությունը եւ կասեցնել ընթացող բանակցությունները» Թուրքիայի հետ:

Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն համայնքում ընտրողների հետ հանդիպմանը Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը՝ հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ. - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկամյա գործընթացը եւ այդ ասպարեզում ստեղծված ներկա կացությունը Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը գտնում է, որ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունը, ըստ էության, ծախողվել է»:


«Մենք հաստատում ենք՝ մինչեւ այժմ կարգավորման գործընթացը ծառայել եւ ծառայում է բացառապես Թուրքիայի շահերին», - շարունակեց նա: - «Մի կողմից, Թուրքիան միջազգային հանրության ուշադրությունը շեղում է իր ներքին խնդիրներից եւ երեսպատորեն հանդես է գալիս իր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու կողմնակից, մյուս կողմից՝ միջազգային ասպարեզից քայլ առ քայլ դուրս է մղվում հայկական օրակարգը: Կոպտորեն խախտելով պայմանավորվածությունները՝ Թուրքիան փաստորեն չի հրաժարվում նախապայմաններից: Ավելին՝ նա փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ բացահայտ կանգնելով Ադբեջանի թիկունքին եւ գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը»:

Հայտարարությունում կոչ է արվում երկրի նախագահին՝ վերանայել իրականացվող քաղաքականությունը եւ կասեցնել ընթացող բանակցությունները. - «Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է առաջնորդվի հետեւյալ մոտեցմամբ՝ երկու պետությունների միջեւ հարաբերությունները կարգավորելու, առկա խնդիրները լուծելու ճանապարհի մեկնակետը Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակման անհապաղ վերացումն է եւ միջազգային պրակտիկայում կիրառվող ընդհանուր կարգով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»:

«Դաշնակցությունը պատրաստ է եւ կարող է ստիպել իշխանություններին անհապաղ վերանայումներ կատարել վարվող քաղաքականության մեջ», - շարունակեց Արմեն Ռուստամյանը: - «Ավելին՝ պատրաստ է գալ իշխանության եւ դա կատարել սեփական պատասխանատվությամբ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG