Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս չկորցնել ընթերցողին


Բարսելոնայում չորեքշաբթի օրը մեկնարկել է «Տպագիր մամուլի ուժը» խորագրով երկօրյա խորհրդաժողովը, որի ընթացքում աշխարհում տպագիր մամուլի խոշորագույն ներկայացուցիչները կփորձեն գտնել «ինչպես չկորցնել ընթերցողին» հարցի պատասխանը։

Թերթերի խմբագիրների ու ֆինանսական տնօրենների քննարկման հիմնական թեման առաջիկա երկու օրերին կլինի մեկը` ինտերնետային այս դարաշրջանում ինչպես դիմակայել նորանոր մարտահրավերներին։

Ամենամեծ խնդիրը, որ այսօր ունեն թերթերը, այն է, որ ինտերնետը դուրս է մղում տպագիր մամուլը եւ այն դարձնում քիչ շահութաբերություն ունեցող բիզնես։

Յուրաքանչյուր օր, ըստ ուսումնասիրությունների, աշխարհում թերթ կարդում է 1 միլիարդ 700 միլիոն մարդ։

Հաղորդվում է, որ ընթերցողին չկորցնելու համար շատ թերթեր անցել են անվճար տարածման։

Շատ պարբերականներ այս ընթացքում միայն ընթերցողների նեղ շրջանակին ուղղված հրապարակումներով են հանդես գալիս, որպեսզի պահպանեն ընթերցողներին։

Ավստրալիայում լույս տեսնող Sydney Morning Herald-ը, օրինակ, մեկ տարուց քիչ ժամանակահատվածում 5 միլիոն դոլար է վաստակել հենց այդպիսի` անհատական խմբերին ուղղված ներդիրների տպագրության հաշվին։

Թերթին կցվում է, օրինակ, կին վարորդներին առաջարկվող մեքենաների մասին պատմող հավելված կամ էլ` երիտասարդական Wow! Queensland-ը։

«Տպագիր մամուլը մեծ կարիք ունի նորանոր ձեւեր գտնել` չկորցնելու համար իր ընթերցողին», - կարծում են թերթերի խմբագիրները։

Ու անգամ տնտեսական ճգնաժամի ընթացքում, չնայած սուղ պայմաններին, նրանց համոզմամբ, միակ տարբերակը թերթում ֆինանսական միջոցների ավելացումն է մնում` նորագույն բարձրակարգ տեխնոլոգիաներով տպագրություն իրականացնելը։

Միայն այսպես են նրանք տեսնում հնարավորություն` իրենց վրա հրավիրել գովազդատուների ուշադրությունը։

Արաբական Միացյալ էմիրություններում ամենավաճառվող պարբերականներից մեկի` Gulf News-ի տնօրեն Աբդուլ Համիդ Ահմադի խոսքերով, իրենք այժմ միայն լավորակ թղթի վրա են տպագրում իրենց թերթը. - «Դա մեծ ֆինանսներ ունեցող գովազդատուին մեր կողմը գրավվելու միակ ձեւն է։ Մեծ ներդրումներ` գովազդից ստացվող մեծ գումարների դիմաց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG