Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան պարբերականը՝ Լիբանանում խորհրդարանական ընտրությունների եւ լիբանանահայ համայնքի մասին


Հունիսի 7-ին Լիբանանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կրկին ուշադրության կենտրոն են բերել տեղի հայ համայնքին:

«Առանձնահատուկ եւ սահմաններ չունեցող, 160 հազարանոց այս էթնիկ խումբը, տարածված է ողջ տարածաշրջանով ավելի շատ, քան ժամանակին հրեաներն էին», – գրում է ամերիկյան հեղինակավոր «Նյու Յորք Թայմս»-ը եւ ընդգծում. – «Նրանց ձայնը կարող է վճռորոշ լինել այս ընտրություններում, որոնք հաճախ բնորոշվում են որպես հեռակա պայքար` Հըզբոլահի հովանավոր Իրանի եւ Արեւմուտքի միջեւ»։

«Անցած ամիս այստեղ գործող հայկական հիմնական քաղաքական ուժը` Դաշնակցությունը որոշել է պաշտպանել Հըզբոլահին», – գրում է ամերիկյան պարբերականը եւ հավելում. - «Քաղաքական հակառակորդները քննադատում են դաշնակցականների այդ որոշումը՝ պնդելով, թե հայերը շախմատային զինվոր են Սիրիայի եւ Իրանի ձեռքում»։

Դաշնակցականները, սակայն, պնդում են, թե տեղի երկու քաղաքական ճամբարների միջեւ ընտրություն կատարելիս առաջնորդվում են ոչ թե գաղափարական, այլ զուտ պրագմատիկ դրդապատճառներով:

«Ընդդիմությունը առաջարկում է լիակատար վերահսկողություն խորհրդարանական տեղերի նկատմամբ այն թաղամասերում, որտեղ հայ բնակչությունը մեծ թիվ է կազմում, մինչդեռ ամերիկամետ մեծամասնությունը նման բան չի առաջարկում», – «Նյու Յորք Թայմս»-ին ասել է Lիբանանի դաշնակցականների առաջնորդ Հովիկ Մխիթարյանը եւ հավելել. - «Մենք ո’չ ընդդիմության հետ ենք, ո’չ էլ մեծամասնության. մենք ընդամենը ուզում ենք ունենալ թեկնածուներ, որոնք կներկայացնեն մեր համայնքը»։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ «այդ գործելաոճը բավական տարածված է Lիբանանում՝ այդ միմյանց հանդեպ կասկածներ տածող խմբերի խաղաղադաշտում, որտեղ կողմերը ավելի հակված են պաշտպանել սեփական շահերը, քան տարածաշրջանային կամ պետական կարեւորության հարցեր առաջ քաշել»։

«Սակայն նույնիսկ այստեղ հայերը միշտ պայքարել են հանուն սեփական անկախության», – գրում է թերթն ու մանրամասնում. – «1975-90 ականների քաղաքացիական պատերազմի ընթացքում նրանք որեւէ կողմի չսատարեցին»։

«Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասը, որը կարծես Հայաստանի մանրապատկերն է` հայերեն գրված խանութի պաստառներով, տներով ու ռեստորաններով, քաղաքացիական պատերազմի ընթացքում աշխարհագրորեն բաժանվել էր քրիստոնեական եւ պաղեստինյան հատվածների. հայերից մեծ ջանք ու եռանդ էր պահանջվում` կողմերից որեւէ մեկի թիրախը չդառնալու համար»,– գրում է «Նյու Յորք Թայմս»-ը։

Վերջին շրջանում, սակայն, ըստ հոդվածագրի, անկախության պահպանումը ավելի դժվար է դարձել հայերի համար։

Գարնանը խորհրդարանում ամերիկամետ մեծամասնության առաջնորդ Սաադ Հարիրին բանակցություններ է վարել` ընտրություններում հայերի աջակցությունը ստանալու համար: Այդ հանդիպումները, սակայն, հաջողությամբ չեն ավարտվել։

«Նա իրականում ընդամենը մեկ տեղ էր մեզ առաջարկում, սակայն փոխարենը պահանջում էր մեր աջակցությունը 5 այլ տեղերում», – ասել է տեղի դաշնակցականների առաջնորդը եւ ընդգծել. - «Քաղաքականության մեջ չես կարող միշտ չեզոք լինել, սակայն մենք աշխատում ենք պահպանել կապերը բոլոր քաղաքական ուժերի հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG