Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւ. «2009-ին ՀՆԱ-ի անկումը նախատեսվածից բարձր կլինի»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը Կրեմլում կառավարությանն ու Դաշնային ժողովի պալատների ղեկավարներին ներկայացրել է 2010-2012 թվականների պետական բյուջեի առաջնահերթությունները: Նա ընդունել է, որ ճգնաժամի հասցրած վնասը գերազանցել է կանխատեսումները:

Նախագահը ընդունել է, որ ճգնաժամի հասցրած վնասը գերազանցել է կանխատեսումները:

«Ցավոք, 2009-ին ՀՆԱ-ի անկումը նախատեսվածից բարձր կլինի: Պետական եկամուտների շեշտակի անկումը բացատրվում է համաշխարհային ճգնաժամով, որը ստիպել է վերանայել ընթացիկ տարվա բյուջեն», - ասել է Մեդվեդեւը:

Նա կոնկրետ թվեր չի նշել, սակայն, ըստ փորձագետների, Ռուսաստանի տնտեսական անկումն այս տարվա առաջին եռամսյակում 9,5 տոկոս է կազմել: Ռուսաստանի վիճակագրության պետական ծառայությունը անցած շաբաթ հայտնել է, որ գործազրկության ցուցանիշը փետրվարի համեմատ 8,5 տոկոսից հասել է 10,2 տոկոսի: Այսօրվա դրությամբ, Ռուսաստանում գործազուրկ է 7 միլիոն 700 հազար մարդ: Պարենի գնաճը 5,8 տոկոսի է հասել:

Վերլուծաբաններն ուշագրավ են համարում այն հանգամանքը, որ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք տարեկան բյուջեի նախագծերը կազմել է ֆինանսների նախարարությունը եւ այն գրավոր փոխանցել է Պետական դումային, իսկ Մեդվեդեւը, ով անցյալ տարի չէր խախտել այդ ավանդույթը, այս տարի որոշել է անձամբ ներկայացնել բյուջեի փաստաթուղթը, որի նախագիծը պատրաստել է նախագահի տնտեսական խորհրդական Արկադի Դվորկովիչը:

Վերլուծաբաններից ոմանք այսպես են գնահատում այդ իրողությունը. ֆինանսական ճգնաժամի հաղթահարման հարցում ագրեսիվ եւ հավակնոտ քաղաքականության ջատագով Դվորկովիչի եւ առավել զգուշավոր պահպանողական մոտեցումների կողմնակից ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի վեճում վերջինիս դիրքերը թուլանում են:

Ուշագրավ է նաեւ, որ Մեդվեդեւը երկուշաբթի օրը խոսել է թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավերի նկատմամբ պետության ստանձնած պարտավորություններն անշեղորեն կատարելու, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու մասին, սակայն ելույթում չի եղել քննադատություն վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ կառավարության հասցեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG