Մատչելիության հղումներ

Փորձ է արվել առեւանգել Հակոբ Հակոբյանի գործով վկաներից մեկին


Մուշեղ Անտոնյան
Մուշեղ Անտոնյան

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստը երկուշաբթի օրը այդպես էլ չկայացավ: Նախ նիստը ընդմիջվեց վկաների չներկայանալու պատճառով, իսկ հետո, երբ ներկայացավ վկաներից Մուշեղ Անտոնյանը՝ մեղադրողի վատառողջության պատճառով:

Իսկ մինչ այդ արդեն դատարանի շենքում գտնվող Մուշեղ Անտոնյանին ոստիկանության Մալաթիայի բաժնի 5-6 աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստով, փորձեցին, բայց չկարողացան առեւանգել:

Մոտ կես ժամ ոստիկաններն անընդմեջ փորձում էին մոտենալ վկա Մուշեղ Անտոնյանին:

Հակոբ Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը հայտարարեց. - «Այս մշակման քաղաքականությունը, որ հիմա արվում է, խայտառակություն է»:

Ապա դատարան եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս փորձեց կարգադրիչների աշխատանքը կազմակերպող Արթուր Փիլոսյանից պարզել, թե արդեն վկաների սենյակ տեղափոխված Մուշեղ Անտոնյանի հետ ի՞նչ են խոսում ոստիկանները։

Պաշտպան Մելանյա Առուստամյանը հայտնեց իր տեղեկությունները. - «Ես հայտարարում եմ, որ ճնշել են, նկարներն էլ ունեմ: Ասում են՝ դու մի ցանկացի խոսել Արմեն Մարտիրոսյանի հետ, դու քո փաստաբանից հրաժարվիր»:

Արմեն Մարտիրոսյանի պնդմանը, որ որեւէ ոստիկան իրավունք չունի մոտենալ վկային, Փիլոսյանը արձագանքեց. - «Ասին՝ իրա ընկերներն են, ինքն էլ ընդունում է»:

Դատական նիստը վերսկսելու ժամին դատավոր Գագիկ Ավետիսյանն ասաց, թե մեղադրող Հովսեփ Սարգսյանի արյան ճնշումը բարձրացել է, եւ նիստը հետաձգվում է մինչեւ երեքշաբթի։

Արդեն դատարանի բակում վկային ու նրա անվտանգությամբ մտահոգ մարդկանց շրջափակեցին կարմիր բերետավորները: Մալաթիայի բաժնի ոստիկանները պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին ասում էին, թե վկային բերման ենթարկելու որոշում կա, բայց այն ոստիկանությունում է:

«Բաժնում կարող է շատ բան լինի: Դուք պետք է իրեն ցույց տաք [բերման ենթարկելու մասին որոշումը]», - հակադարձեց պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանը հեռախոսով իրավիճակի մասին տեղյակ պահեց ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանին:

«Ես կարծում եմ, պարոն Երիցյանը օպերատիվ կարձագանքի»,- հույս հայտնեց պատգամավորը:

Օպերատիվ արձագանք, սակայն, չեղավ:

Ի վերջո, Մուշեղ Անտոնյանին լրագրողներն ու նրա անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները ուղեկցեցին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որտեղ էլ նա գիշերեց։

Ուշ երեկոյան` «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության պահին, «Չորրորդ իշխանության» խմբագրության դիմաց մեքենա էր հսկում: Մուշեղ Անտոնյանը հրաժարվեց հարցազրույցից, սակայն փաստեց, որ արդեն ժամեր շարունակ մեքենաներով անհայտ անձինք հերթափոխով հսկում են խմբագրության մուտքը:

«Չորրորդ իշխանության» լրագրող Գոհար Վեզիրյանը երեքշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց. - «Իրենք եթե ցերեկը եւ երեկոյան կանգնած էին Սախարովի հրապարակում, այսինքն` խմբագրության մուտքից 8 մետր հեռավորության վրա, ապա արդեն գիշերը այդ մեքենան կիպ կանգնած էր մեր դռան մոտ: Իրենք քաղաքացիական հագուստով էին, եւ մեքենաներն էլ ոստիկանության տարբերանշանով մեքենաներ չէին, բայց քանի որ այդ մարդկանց մենք անընդհատ տեսնում ենք բոլոր դատավարությունների ժամանակ, ճանաչում ենք, գիտենք` ոստիկանության որ բաժնի աշխատակիցներ են, ինչ ֆունկցիա ունեն ոստիկանության ներսում: Շուրջօրյա հերթապահություն էին սահմանել, հերթափոխով աշխատում էին: Մեքենաներից գոնե երեքը մեր տեսախցիկը ֆիքսել է, եւ ամեն մեքենայի մեջ երեք-չորս ոստիկաններ էին»:

«Մենք նորից գիշերը զանգեցինք օմբուդսմենի ներկայացուցչին, զանգեցինք իրավապաշտպան կազմակերպությունների: Արդեն մոտավորապես ժամը 2-ի սահմաններում [մեքենաները] խմբագրությունից հեռացան եւ կայանվեցին հրշեջ ծառայության հարեւանությամբ` հեռվից հսկելու: Վկայի փաստաբանը եկավ` ժամը 1-ի կողմերը, վերջնականապես վիճակը քննարկեցին` այսօրվա անելիքների հետ կապված», - ասաց «Չորրորդ իշխանության» լրագրողը:

Գոհար Վեզիրյանի հավաստմամբ` վկա Անտոնյանը գիշերվա ընթացքում հոգեբանական ճնշված վիճակում էր, «անընդհատ անհանգիստ էր, անընդհատ դեղահաբեր էր խմում»:

Մուշեղ Անտոնյանին երեքշաբթի օրը դատարան կուղեկցեն լրագրողները, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն ու նրա փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG