Մատչելիության հղումներ

logo-print
Մինչ 2008 թվականի մարտի 1-2-ի գործով դատակոչված վկաներից ոմանք դատարանի դահլիճում հրաժարվում են նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից, հայտարարելով, որ ցուցմունքները բռնությամբ են կորզվել, գլխավոր դատախազությունը տեղեկացնում է այլ ահազանգերի մասին:

Ուրբաթ օրը Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ահազանգերը ստուգելու եւ մեղավորներին հայտնաբերելու համար հարուցվել է քրեական գործ. - «Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Գրիգոր Ոսկերչյանի քրեական գործերով վկաներ գրավոր դիմել են դատարաններին, խնդրելով պաշտպանական միջոցներ ձեռնարկել, քանի որ իրենց սպառնում են, ահաբեկում են, որ նախաքննության ընթացքում տված այս կամ այն ցուցմունքը դատարանում պնդելու դեպքում իրենց հետ կտեսնեն հաշվեհարդարներ»:

Սոնա Տռուզյանը ձեռնպահ մնաց դիմումներ գրած անձանց անունները հրապարակելուց` պարզաբանելով. - «Նկատի ունենալով, որ նրանք` իրենց իսկ դիմումների համաձայն, խնդրել են իրենց նկատմամբ կիրառել պաշտպանական միջոցներ, այս պահին նպատակահարմար չենք գտնում հրապարակել այդ մարդկանց անունները»:

Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Գրիգոր Ոսկերչյանի գործերով պաշտպանական կողմը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում նշում էր, թե իրենք տեղեկություններ չունեն այն մասին, որ վկաները ճնշման տակ են հրաժարվում նախաքննական մարմնին տված ցուցմունքներից:

Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի կարծիքով, քրեական նման գործի հարուցումը նպատակ ունի «լղոզել իրավիճակը»:

Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպան Հովիկ Արսենյանը չբացառեց, թե դատարաններին ուղղված դիմումները վկաներից հարկադրաբար են կորզվում. - «Ամենեւին էլ դժվար չէ հերթական անգամ այդ նույն վկային գցել այնպիսի մի իրավիճակի մեջ, թր հերթական իրա ընկերներից մեկի անունը տա, թե գիտե՞ք` նա է հորդորել»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով հետեւում է ընթացող դատավարություններին, հետեւյալ կերպ մեկնաբանեց. - «Մարդու նկատմամբ կարող ես ճնշում գործադրել, եթե դու ունես կոնկրետ լծակներ` իշխանական լծակներ, դատախազական լծակներ, դատավորական լծակներ: Ի՞նչ պետք է անի, ասենք, մեղադրյալի հարազատը: Եթե մեղադրյալի հարազատներն այդքան հզոր լինեին, նրանք մեղադրյալներին կազատեին, ճնշում կգործադրեին նույն դատախազության վրա»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG