Մատչելիության հղումներ

Հերթական աղմկոտ միջադեպն է տեղի ունեցել Արտաշատում


Ոստիկանությունը չորեքշաբթի երեկոյան խուզարկություններ է անցկացրել Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ այս գյուղի բնակիչ, «Հայռուսգազարդի» Արտաշատի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ մի խումբ անձանց միջեւ մոտակա Արտաշատ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Մամուլի հրապարակումների համաձայն, Ղազարյանի հետ հակամարտության մեջ մտած անձինք հանդիսանում են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի թիկնապահները։

«Հայկական ժամանակ» օրաթերթը, մասնավորապես, գրում է, Ազգային ժողովի նախագահի թեկնածուները հարձակում են գործել Հովհաննես Ղազարյանի վրա։ - «Ավելի ուշ, Հովոն իր մերձավորների հետ հրապարակային ծեծի է ենթարկել Աբրահամյանի թիկնապահներին», - գրում է թերթը։

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի հայտարարեց, թե հաղորդագրություններն այն մասին, որ ինքը եւ իր մերձավորները որեւէ առնչություն ունեն Աշտարակում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, իրականությանը չի համապատասխանում. - «Իրականությանը չի համապատասխանում, հերթական սուտն է։ Մարդկանց ինչ-որ ծեծկռտոց է եղել, ոստիկանությունը զբաղվում է եւ մեղավորները կպատժվեն։ Որեւէ կապ չունի Ազգային ժողովի թիկնապահի հետ»։

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ մայիսի 20-ին ստացվել է ահազանգ, համաձայն որի Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ, “Հայռուսգազարդ” ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ նրա եղբայրը` Մկրտիչ Ղազարյանը, մի քանի անծանոթ անձանց հետ ծեծի են ենթարկել Ա. Ավագյանին, Հ. Գուլաբյանին, Ա. Ղազարյանին, Գ. Հակոբյանին, Ռ. Սարգսյանին եւ Ա. Աթանեսյանին։ Ձեռնարկվում են միջոցառումներ Հովհաննես ու Մկրտիչ Ղազարյաններին եւ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։

Մրգավան գյուղում իրավիճակը մնում է լարված։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնակիչները պատմեցին գյուղում իրականացված խուզարկությունների մասին։

«Ներխուժեցին մեր բակ։ Ֆորմայով չէին։ Մորս հայհոյեցին, քաշքշում էին», - պատմեց մի երիտասարդ աղջիկ, - «Ու այդ թեժ պահին հայրս ներս մտավ։ Հայհոյեց այդ տղամարդը հորս։ Զինված մարդիկ մտան ներս»։

«Տեսա, որ պապայիս ծեծում էին, ու տարան, էդքան բան եմ տեսել», - ասաց մի երեխա։

Ղազարյանի ընտանիքի անդամները միջադեպը պայմանավորեցին Աբրահամյանի եւ Ղազարյանի միջեւ ծագած թշնամությամբ, որը աղմկահարույց միջադեպի պատճառ էր դարձել դեռ ապրիլին։
Այն ժամանակ, ոստիկանության հաղորդագրության համաձայն, երկու անհայտ անձինք կրակ էին բացել Ղազարյանի տան վրա, առեւանգել, ապա այրել նրան պատկանող պատկանող տաքսի ծառայության երկու ավտոմեքենաները:

Միջադեպի շուրջ մամուլում շրջանառվում էին Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների անունները:

Ապրիլյան այդ միջադեպից հետո Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, թե ամենայն մանրամասնությամբ քննելու են գործը եւ պատժելու են մեղավորներին:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG