Մատչելիության հղումներ

logo-print

Կառավարությունը կվերադարձնի խոշոր շինարարական կազմակերպությունների վճարած հարկերը


Հայաստան -- Կառավարության նիստ

Հայաստան -- Կառավարության նիստ

Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին շինարարության ոլորտում արձանագրված 42.4 տոկոս անկումը Հայաստանի կառավարությանը դրդել է աննախադեպ քայլերի: Կառավարությունը պատրաստվում է հետ վերադարձնել խոշոր շինարարական կառույցներ իրականացնող կազմակերպությունների վճարած հարկերը:

Չորեքշաբթի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակել էր այս տարվա առաջին 4 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն 2009 թվականի հունվար – ապրիլ ամիսներին Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 9.7 տոկոսով: Տնտեսական անկման խորացման գործում մեծ է արդյունաբերական արտադրանքի ծավալների եւ, հատկապես, շինարարության կրճատման դերը:

Շինարարության ոլորտը, որը վերջին տարիների արագ տնտեսական աճի կարեւորագույն գործոններից էր, 2009 թվականի հունվար – ապրիլ ամիսներին կրճատվել է 42.4 տոկոսով:

Շինարարությունը խթանելու նպատակով դեռեւս ապրիլին կառավարությունը որոշել էր կառուցապատողների համար 20 միլիարդ դրամի (54 միլիոն դոլարի) պետական երաշխիքներ տրամադրել, որոնք շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս վարկային միջոցներ ներգրավել առեւտրային բանկերից:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյան
«Այսօր էլ որոշում կայացվեց, որ խոշոր շինարարական օբյեկտների, հատկապես հյուրանոցային շինարարություն, սպորտային հրապարակներ եւ խոշոր բնակարանաշինարարության դեպքում վճարված ամբողջ հարկերը հետ են վերադարձվելու: Գիտեք, պատմականորեն պետությունը չի օժանդակել` աննախադեպ է սա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Այդուհանդերձ, Էկոնոմիկայի նախարարի կարծիքով շինարարության ոլորտում 42.4 տոկոս անկումը օբյեկտիվ հիմքեր ունի. - «Նորմալ է այն իմաստով, որ ամբողջ աշխարհում է այդպես` գույքի գները եւ պահանջարկը անկում են ապրում: Բնական է` գործողություններ դա հաղթահարելու կամ կանգնեցնելու, իրականացնում ենք եւ, ես շեշտում եմ, որ ժամանակ է պետք, որ դա ուղղակի հասնի տնտեսություն եւ երկրորդ կեսին, հույս ունեմ, կտեսնենք հակառակ միտումը»:
XS
SM
MD
LG