Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ հաջորդ տարվա վերջին կամ 2011 թվականի սկզբին հնարավոր է սկսել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի շինարարության աշխատանքները:

Էներգետիկայի նախարարը նշեց, որ մինչեւ էներգաբլոկի բուն շինարարության ընթացքը դեռ բավական աշխատանք կա կատարելու: Անցած շաբաթ հայտնի դարձան Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների ձեռք բերման համար պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի հաղթողը` Worley Parsons միջազգային կոնսորցիումը:

«Հաջորդ քայլը կլինի ապագա նոր բլոկի դիզայնի նախագծումը, դրանից հետո կհայտարարվի պոտենցիալ ինվեստորների հավաքագրումը, ընտրությունը, որից հետո արդեն կսկսվի նախագծային աշխատանքների իրականացումը եւ արդեն բուն շինարարության ընթացքը», - ասաց Արմեն Մովսիսյանը:

Նախարարը նաեւ հերքեց լուրերը, թե հնարավոր է թուրքական ընկերության մասնակցությունը Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքներին. - «Ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ են եւ նման որեւիցե խնդիր չկա: Թե ո՞վ կկատարի` դա նույնպես մրցույթով կլինի: Ով հաղթեց` նա էլ կկատարի»:

«Նախնական գնահատումներով նոր ատոմային բլոկը կարժենա մոտավորապես 5 միլիարդ դոլարի սահմաններում: Ավելի ճշգրիտ թիվը կորոշվի նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո: Իմ կարծիքով մյուս տարվա վերջին կամ 2011 թվականի սկզբին արդեն զուտ շինարարարական աշխատանքները կսկսվեն», - ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
XS
SM
MD
LG