Մատչելիության հղումներ

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հինգշաբթի օրը Երեւանում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ինչից հետո նրան ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Բեռնար Ֆասիեն Panarmenian.net-ին ասել է, որ Երեւանից մեկնելու է Թբիլիսի, Բաքու, ապա` Անկարա, եւ որ իր այցի նպատակն է Կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումը չորս երկրների ղեկավարության հետ:

Մինչդեռ, Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, արդեն այսօր Բաքվում նախատեսված են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի բանակցությունները Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին Day.az-ին հայտնել են Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնյաները: Բանակցությունների օրակարգում Ղարաբաղի թեման է: Բեռնար Ֆասիեի Բաքու կատարելիք այցը կավարտվի ապրիլի 16-ին:

Մեկնաբանների ուշադրության կենտրոնում է Ֆասիեի նաեւ թբիլիսյան ուղեւորությունը. նա արեւմտյան միակ դիվանագետը չէ, ով Վրաստանի համար լարված այս օրերին այցելում է Թբիլիսի: Երեկ Վրաստանի մայրաքաղաքում արմատական ընդդիմության ներկայացուցիչներին՝ Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիին, պահպանողականների ղեկավար Կախա Կուկավային եւ «Ժողովրդավարական շարժում - Միացյալ Վրաստան» դաշինքի առաջնորդ Նինո Բուրջանաձեին է հանդիպել Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դեն Ռոզեմբլյումը: Երեկ իսկ նախատեսված էր նրա հանդիպումը խորհրդարանական ընդդիմության հետ:

Թբիլիսիում բողոքի զանգվածային ակցիաները չեն դադարում: Արեւմուտքին խիստ անհանգստացնում է Վրաստանում ներքաղաքական իրավիճակի շիկացումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ այդ երկրի հարաբերությունների հետագա վատթարացումը:

Հինգշաբթի օրը Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպան Էլբրուս Կարգիեւը, մասնավորապես, ասել է. - «Վրաստանը կարող է նոր սադրանքներ կազմակերպել Հարավային Օսիայի նկատմամբ, սակայն դրանց հետեւանքները Թբիլիսիի համար աղետալի կլինեն»:

Արեւմտյան եւ ոչ մի երկիր չի ճանաչել ո’չ Հարավային Օսիայի եւ ո’չ էլ Աբխազիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG