Մատչելիության հղումներ

Հինգշաբթի երեկոյան Մոսկվայում կկայանա «Եվրատեսիլ - 2009» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը. բեմ դուրս կգան 19 երկրների ներկայացուցիչները: Միմյանց հետ կմրցեն միանգամից մի քանի նախկին խորհրդային հանրապետությունների` Բալթյան երկրների, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ադրբեջանը այս տարի ներկայացնում են բաքվեցի 19-ամյա երգչուհի Այսելն ու իրանական ծագում ունեցող` արեւմտյան շոու բիզնեսում բավական հայտնի Արաշը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր ծնողները 80-ականներին Շվեդիա են տեղափոխվել Իրանական Ադրբեջանից, ուստի պատահական չէ, որ ինքը որոշել է մրցույթին մասնակցել հենց ադրբեջանական դրոշի ներքո: Ադրբեջանցի կատարողների հետ համագործակցում են շվեդ մասնագետները, որոնք «Եվրատեսիլ»-ում աշխատանքի մեծ փորձ ունեն:

Ավանդաբար «Եվրատեսիլ»-ում լուրջ հաջողություններ արձանագրող Ուկրաինան այս տարի ներկայացնելու է Սվետլանա Լոբոդան` «ՙՀակաճգնաժամային աղջիկը» երգով:

Մեկ այլ նախկին խորհրդային հանրապետություն` Լատվիան այս տարի կարծես որոշել է հիմնական հույսը կապել ռուսալեզու հեռուստադիտողների քվեների հետ. լատվիացի երգիչ Ինտարս Բուսուլիսի «Խցանումներ» երգը ռուսերեն է:

Կիսաեզրափակիչը աչքի է ընկնելու էթնիկ ոճի երաժշտական համարներով: Քննադատների ու լրագրողների հատուկ ուշադրությանն է արժանացել Մոլդովան ներկայացնող Նելլի Չոբանուի կատարումը:

Այսօր հայտնի կդառնան եզրափակիչի եւս 10 մասնակիցներ: Մայիսի 12-ին կայացած առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած տասնյակի թվում է Հայաստանը, որը «Եվրատեսիլ - 2009»-ում ներկայացնում են Ինգա եւ Անուշ Արշակյանները` «Նոր պար» երգով:

Եվս 5 երկիր` «Եվրատեսիլ - 2008»-ի հաղթող եւ մրցույթը հյուընկալող Ռուսաստանը, ինչպես նաեւ «Եվրատեսիլ»-ի հիմնադիր պետությունները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան ու Ֆրանսիան եզրափակիչ են մուտք են գործում առանց նախնական փուլին մասնակցելու:

Մշտական մասնակիցներից այս տարի անակնկալ է մատուցել Ֆրանսիան: Վերջին տարիներին մրցույթում արձանագրված անհաջողությունների շղթային Ֆրանսիան որոշել է վերջ տալ 90-ականների աստղ, այժմ փոքր-ինչ մոռացված Պատրիցիա Կասի օգնությամբ: Երկարատեւ ընդմիջումից հետո Կասը մոսկովյան բեմ դուրս կգա մայիսի 16-ին` եզրափակիչի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG