Մատչելիության հղումներ

«7-ի գործով» մեղադրվող Շանթ Հարությունյանը ազատ է արձակվել


Չորեքշաբթի օրը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «7-ի գործով» քրեական օրենսգրքի 225 հոդվածի` զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով մեղադրվող Շանթ Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Շանթ Հարությունյանը ազատ է արձակվել Առողջապահության նախարարության փորձագետների տված եզրակացության հիման վրա, համաձայն որի` «հանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանն անմեղսունակ է եղել»: Այս հիմքով Շանթ Հարությունյանի դեմ հարուցված եւ այս պահին դատարանի վարույթում գտնվող քրեական գործը կարճվել է:

2008 թվականի մարտի 1-ին Շանթ Հարությունյանը ելույթ էր ունեցել ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ, ինչը նախաքննական մարմնի համար հիմք էր հանդիսացել նրան մեղադրելու պետական իշխանությունը յուրացնելու եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Այս տարվա մարտի 17-ից Շանթ Հարությունյանը գտնվում էր հոգեբուժարանում` դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Շանթ Հարությունյանը հետեւյալ գնահատականը տվեց կայացված որոշման վերաբերյալ. - «Շատ վատ կարծիք ունեմ: Իրենց համար ավելի վատ էր լինելու, եթե ես հրապարակային դատական նիստերին մասնակցեի, դրա համար ինչ-որ ձեւ փորձելու էին ինձ չտանել: Այս ձեւի լուծում գտան, որից ես էլի դժգոհ եմ»:

Շանթ Հարությունյանը նաեւ նշեց, որ պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել բանտում եղած իր ընկերների ազատության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG