Մատչելիության հղումներ

logo-print
Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը «զգալի բացասական ազդեցություն է ունեցել» Հայաստանի տնտեսության վրա, սակայն հանրապետությունը ճգնաժամի ամիսներն անցել է «առանց լուրջ խեղումների»: Սերժ Սարգսյանն այս մասին հայտարարեց այսօր Երեւանում մեկնարկած Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների 5-րդ համագումարի ժամանակ ունեցած իր ելույթում։

«Անկումներ արձանագրվեցին տնտեսության հիմնական ճյուղերում` արդյունաբերության, շինարարության մեջ, էներգետիկայում, նվազեց արտահանումը, էապես կրճատվեցին մասնավոր դրամական փոխանցումները, պետական բյուջեի եկամուտներն ու ներդրումներ ներգրավելու հնարավորությունները», - նշեց Հայաստանի նախագահը:

Չնայած դժվարություններին, Սերժ Սարգսյանի գնահատմամբ, հաջողվել է չկրճատել ու ժամանակին հատկացնել բյուջետային համակարգի աշխատողների ու սոցիալապես անապահով խմբերի աշխատավարձերն ու նպաստները։

«Մենք չունեցանք բանկային խաթարումներ, ցածր միջազգային գների պայմաններում հանքահումքային ոլորտի հսկաները կա՛մ չդադարեցին գործել, կա՛մ կարճատեւ դադարից հետո կարողացան վերագործարկվել: Չիրականացան հոռետեսական կանխատեսումները արժութային շուկայի փլուզումների կամ համընդհանուր խուճապի վերաբերյալ», - հայտարարեց նախագահը` հավելելով, որ չնայած ազգային արժույթի արժեզրկմանը, հաջողվել է խուսափել սպառողական գների արտառոց թռիչքներից։

Սերժ Սարգսյանը նաեւ թվարկեց այն միջոցառումների ցանկը, որոնք կառավարությունն իրականացնում է փոքր ու միջին բիզնեսին ճգնաժամի պայմաններում աջակցելու համար. - «Այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները շարունակվում են, որոնց թվում են հարկային ու մաքսային վարչարարության պարզեցումն ու բարելավումը, ֆինանսական հաշվետվությունների քանակի նվազեցումը, արտաքին շուկաներ մուտքի հեշտացման համար համաձայնագրերի կնքումը եւ այլն: Հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ ընդլայնվում են փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալները, ինչի համար նաեւ համաշխարհային բանկի վարկային միջոցներից տրամադրվել է 50 մլն ԱՄՆ դոլար»:

Նախագահը հայտարարեց, որ կառավարությունը չի շեղվելու հայտարարված բարեփոխումների ուղուց, հավելելով, թե չի կարելի ճգնաժամը պատրվակ բերելով խոչընդոտել բարեփոխումների գործընթացին:

«Շատ-շատերը, ասելով, որ բիզնեսին ճնշում են, որ այս պայմաններում ՀԴՄ-երի տեղադրումը կարող է միայն ու միայն վնաս բերել, խուսափում են այս գործընթացից: Չեմ կարծում, թե սա ճիշտ ճանապարհ է, որովհետեւ մեծ հաշվով ՀԴՄ-երի տեղադրումը միայն պետության նպատակների համար չէ, այլ նաեւ գործարարության», - ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարկային փաստաթղթավորմանը, նախագահը փաստեց. - «Բոլորը խոսում են, որ կան կոռուպցիոն ռիսկեր, որ պետական պաշտոնյաները ի չարս են գործադրում իրենց պաշտոնական դիրքը: Շատ-շատ բաների մասին են խոսում, բայց ուզում են, որպեսզի բոլորը աշխատեն փաստաթղթերով, իսկ կոնկրետ գործարարն ինքը միայն զերծ լինի այդ գործընթացից»:

Երրորդ խնդիրը, ըստ Սերժ Սարգսյանի, արտահանման պարագայում ավելացված արժեքի հարկի վերադարձմանն է վերաբերում. - «Հարկային մարմիններն ավելորդ մեծ ուժեր ու հնարավորություններ են ծախսում, որպեսզի ստուգեն այդ փաստաթղթերի հավաստիությունը եւ արդյունքում հանդիպում են շատ տարօրինակ ու զավեշտալի դեպքերի: Ձեռնարկությունը 1-1.5 միլիարդ դրամի պահանջի փաստաթղթեր է ներկայացնում, սակայն ստուգումից պարզվում է, որ պետությունն այստեղ անելիք եւ նույնիսկ մեկ դրամ վերադարձնելու պարտավորություն չունի»:

Այսօրինակ փաստերն ընդունելի չեն` եզրակացրեց հանրապետության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG