Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի օրը Բրյուսելում նախատեսված է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը, որին Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մասնակցելու է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հայաստանի խորհրդարանի նախագահը երկուշաբթի օրն է ժամանել Բրյուսել եւ նույն օրը երեկոյան հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ:

Երեքշաբթի երեկոյան ստորագրվելու է նոր կառույցի` «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտը եւ ընդունվելու է կանոնակարգը:

«Եվրանեսթ»-ը միջխորհրդարանական վեհաժողով է, որը ստեղծվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Դրանում ներգրավված են լինելու ինչպես Արեւելյան գործընկերության ծրագրում ներառված երկրների խորհրդարանական պատվիրակությունները, այնպես էլ Եվրախորհրդարանի պատգամավորներ:

Արեւելյան գործընկերության ծրագիրը ներառում է վեց երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը, որոնցից հինգի խորհրդարանական պատվիրակություններն են մասնակցելու այսօրվա նիստին:

Բելառուսին «Եվրանեսթ»-ի հիմնադիր ժողովում չեն ցանկանում տեսնել այդ երկրում կայացած վիճահարույց նախագահական ընտրությունների եւ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների պատճառով: Կանոնադրության համաձայն` «Եվրանեսթ»-ի հիմնադիր նիստին կարող են մասնակցել այն երկրները, որոնցում ընտրությունները համապատասխանում են ԵԱՀԿ-ի չափանիշներին, եւ քանի որ ԵԱՀԿ-ը չի ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունները, այդ երկիրը մեխանիկորեն զրկվել է նիստին մասնակցելու իրավունքից:

Այս հավաքի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի հետ: Հարցին` արդարացի՞ է արդյոք, որ Բելառուսին թույլ չեն տվել մասնակցել, մինչդեռ Ադրբեջանի նկատմամբ, որը եւս ժողովրդավարության հետ կապված նույնպիսի խնդիրներ ունի, այլ մոտեցում է ցուցաբերվում, դե Վաալը պատասխանել է. - «Ես ենթադրում եմ, որ Բելառուսից ավելի շատ ակնկալիքներ կային Բրյուսելում, սակայն այդ սպասելիքները չիրականացան; Պարզ է, որ երկու երկրներում էլ բավական ռեպրեսիվ ռեժիմներ են, սակայն Ադրբեջանը միշտ հստակ ասել է, թե ինչպես է տեսնում Եվրամիության հետ իր հարաբերությունները, այդ երկիրը իրեն լիարժեք եվրոպական պետություն չի համարում, այդ իսկ պատճառով Ադրբեջանից ակնկալիքներն էլ մեծ չեն: Մինչդեռ Բելառուսը եվրոպական երկիր է, սահմանակից է Եվրամիության պետություններին, այդ իսկ պատճառով նրանից սպասելիքները ավելի մեծ են»:

Թոմաս դե Վաալը նաեւ պարզաբանել է, որ այժմ, երբ Եվրամիության ընդլայնման գործընթացը հիմնականում կանգնած է, եւ բացի Խորվաթիայից ու, թերեւս, Սերբիայից` դժվար թե Եվրամիությունը իր կազմում այլ պետություն ընդգրկի առաջիկա երկու տասնամյակների ընթացքում, Արեւելյան գործընկերության ծրագիրն ավելի կարեւոր է դառնում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG