Մատչելիության հղումներ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը սահմանել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը:

Օրվա առթիվ տարբեր երկրներում տեղի կունենան համաժողովներ, միջոցառումներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշնորհի Գիլյերմո Կանոյի համաշխարհային մրցանակը մամուլի ազատության գործում ներդրումի համար:

Գիլյերմո Կանո Իսազան կոլումբիացի լրագրող է, այդ երկրի մայրաքաղաք Բոգոտայում լույս տեսնող «Էլ Էսպեկտադոր» օրաթերթի աշխատակից, ով 1986 թվականի դեկտեմբերի 17-ին սպանվել է թմրաբիզնեսի հզոր պարագլուխների մասին հոդվածների համար:

Այս տարի մրցանակը ստանալու պատվին է արժանանում իրանցի լրագրող, գրող, քաղաքական վերլուծաբան եւ միջազգայնագետ Ահմադ Զեյդաբադին: 2009 թվականի դեկտեմբերին նա 6 տարվա ազատազրկման է դատապարտվել Իրանի նախագահական վիճահարույց ընտրությունների մասին խիզախ ռեպորտաժներ պատրաստելու համար:

Զեյդաբադին, ով առ այսօր իրանական բանտում է, 2010 թվականին Թերթերի համաշխարհային ընկերակցության «Ոսկե գրիչ» մրցանակն է ստացել:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Վաշինգտոնում անցկացվում է խորհրդաժողով «21-րդ դարի մեդիա. նոր սահմանագծեր, նոր խոչընդոտներ» թեմայով: Խորհրդաժողովում նախատեսված են Freedom House-ի տնօրեն Դեյվիդ Քրամերի եւ մամուլի հարցերով զբաղվող միջազգային հեղինակավոր այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ղեկավարների բանախոսությունները:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը Հայաստանը նշում է մամուլի համար բնավ ոչ բարենպաստ պայմաններում, ինչն ապացուցում են հեղինակավոր երկու կառույցների հրապարակած նոր զեկույցները:

Մայիսի 1-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը փաստել է, որ Հայաստանում շարունակվում են լրագրողների հետապնդումները: «Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - ասվում է փաստաթղթում, որում նշվում է նաեւ հետզհետե ավելի տարածվող ինքնագրաքննության հանգամանքը:

Իսկ մայիսի 2-ին էլ իրավապաշտպան մեկ այլ կազմակերպություն` Freedom House-ը հրապարակել է մամուլի ազատության վիճակի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն` Հայաստանը շարունակում է գտնվել ոչ ազատ երկրների շարքում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG