Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններ կլինեն


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանում լինելու են արտահերթ ընտրություններ:

Նախորդ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին բացառել էր արտահերթ ընտրությունների անցկացումը` ընդգծելով, թե դրա համար որեւէ նախադրյալ, որեւէ պատճառ չի տեսնում` «մանավանդ որ [ընդդիմության] ծայրահեղական տրամադրությունները անցնում են երկրորդ պլան»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ ժողովուրդը չի հավատա հերթական ընտրություններին:

«Որովհետեւ տեսել է, թե ինչ է նշանակում հերթական ընտրությունները: Ընդդիմությունն ունի լուրջ անելիքներ, եւ ես չեմ բացառում, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հակադրվելու են: Ես չեմ բացառում այդ հակադրության կոշտ լինելը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

Նա նաեւ վստահ է, որ մինչեւ հաջորդ հանրահավաքի օրը (մայիսի 31-ին) ընդդիմության ազատազրկված ներկայացուցիչները ազատության մեջ են լինելու:

«Այստեղ բացի քաղաքական գործընթացներից նաեւ մարդկային որակի տեսակի խնդիրներ կան: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում նման զարգացումներ կամ շախմատային խաղ ուղղակի հնարավոր չէր: Դրա համար էլ 2003-2008 թվականներին այդ կարգի խաղերը անհնարին են եղել: Իմ խորին համոզմամբ, իշխանությունները հասկացան, որ այսպես շարունակելն ուղղակի անհնար է, ու սա էր պատճառը, որ իրենք ընդառաջ եկան ՀԱԿ-ի առաջադրած քայլերին: Հիմնական պատճառը սա է, ոչ թե որեւէ ընդերքային խոսակցություն կամ պայմանավորվածություն: Եթե իրենք հնարավորություն ունենային նույն կերպ երկիրը ղեկավարել ու շարունակել, իրենք կշարունակեին», - ասաց Սարգսյանը` հավելելով, իշխանությունները գնում են այդ քայլերին, քանի որ արդեն սպառվել է ժողովրդի` Հայաստանում ապրելու, գոյատեւելու, երկրի հետ հույսեր կապելու ցանկությունը:

Արամ Սարգսյանը հերքեց այն տեսակետը, թե ՀԱԿ-ն ու իշխանությունը ինչ-ինչ շփումների մեջ են:

«Կա մարդկանց մի խումբ, որը մտածում է` եթե հանրահավաքի իր ելույթից հետո ընդդիմությունը ժողովրդին չի ուղարկում ռազմաճակատ, ուրեմն ինչ որ բան կա իշխանությունների հետ կապված: Կային դրված պահանջներ, եւ դրանք իշխանությունը կատարել է: Իշխանությունը ինչպես ուզում է, թող մեկնաբանի այդ պահանջների կատարումը, դա իրենց գործն է», - ասաց Սարգսյանը:

Սարգսյանը ընդունում է, որ մարդկանց մի զանգված ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից հետո տարբեր մտայնությամբ ու կարծիքներով է գնացել հանրահավաքից:

«Ես շատ եմ ուզում, որ այդ մարդիկ մեզ հասկանան, իմանան, որ ՀԱԿ-ում որոշումները կայացվում են ոչ թե հենց հարթակում, հենց այնպես, այլ ինչ, իրենք գնալուց մտածում են, այդ հարցերը արդեն քննարկվել են», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Նրա խոսքով` անկախ նրանից, թե իրենց պահանջների կատարումից շեղում կլինի, թե` ոչ, հաջորդ հանրահավաքում ընդդիմությունը ներկայացնելու է իր մարտավարությունը, քայլերի հաջորդականությունը:

«Բոլորս էլ տեսանք, թե հանրահավաքից հետո ինչքան մարդիկ կային, որոնք ուզում էին մնալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր անձնական հեղինակության, սեփական կամքի խնդրով էր, որ կարողացավ այդ մարդկանց տուն ուղարկել ու միշտ չէ, որ կարողանալու է: Ճիշտ արեց Լեւոն Տեր Պետրոսյանը, թե սխալ, ես գնահատականը թողնում եմ թե' իշխանություններին, թե' հասարակությանը», -ասաց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG