Մատչելիության հղումներ

logo-print
«Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար», - համոզված են հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները:

Կիրակի օրը կազմակերպության կողմից հրապարակված հատուկ հայտարարության մեջ կարդում ենք. - «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների: Մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանը», - նշում են կազմակերպության փորձագետները` հավելելով. - «Թերթերը լռեցնելու նպատակով դատական հայցերի օգտագործման պրակտիկային հարկ է վերջ տալ»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները նկատում են, որ թեեւ զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատիժը վերացվեց 2010-ի ապրիլին, ինչն ընկալվեց որպես քայլ դեպի ժողովրդավարություն, այնուհանդերձ` «պարբերականների դատական հետապնդումները շարունակվում են»:

Կազմակերպության հայտարարության մեջ նաեւ արձանագրված է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակում մամուլի դեմ ներկայացվել է 12 դատական հայց եւ դրանց գլխավոր թիրախն անկախ պարբերականներն են:

«Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացվել է 3 դատական հայց, հայցեր են ներկայացվել նաեւ «Հայկական ժամանակ» եւ «Հրապարակ» պարբերականների դեմ», - նշում են կազմակերպության փորձագետները` ընդգծելով. - «Հայցվորի դերում հաճախ է հանդես գալիս նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը: Ինքը` Քոչարյանը, նույնպես վերջերս դիմեց դատարան` «Հրապարակ» օրաթերթին մեղադրելով զրպարտության եւ վիրավորանքի մեջ: Թեեւ հայցով դատարան դիմելու որոշակի հիմքեր գուցե առկա էին, այնուհանդերձ լիովին հիմնազուրկ էր պարբերականի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու` հայցվորի ներկայացրած պահանջը: Թեեւ այդ որոշումը հետագայում վերանայվեց, այնուամենայնիվ նախկին նախագահի գործողությունները շարունակում են վտանգ պարունակել, քանի որ կարելի է ենթադրել, որ ներկայացվող հայցերի իրական նպատակը պարբերականի սնանկացումն է»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հայտարարությունում նաեւ նշում է. - «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետեւել այս գործերի ընթացքին:

Վերը հիշատակված դատական հայցերից բացի կազմակերպության ներկայացուցիչները ներկա կգտնվեն պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի` «Երկիր» օրաթերթի դեմ ներկայացված հայցի քննությանն ու «Գլենդեյլ Հիլզն» ըննդդեմ «Ժամանակի» դատական պրոցեսին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նաեւ համոզմունք է հայտնում. - «Մամուլի ինքնակարգավորումը Հայաստանում պետք է զարգանա, իսկ նման հայցադիմումների քննության ընթացքում դատարանները պետք է հավատարիմ մնան փոխհատուցման համարժեքության սկզբունքին»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG