Մատչելիության հղումներ

logo-print

Արամ Բարեղամյանն ազատ արձակվեց


Արխիվ -- ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները պարզում են պաստառներ` կոչ անելով ազատ արձակել ազատազրկված ընդդիմադիրներին

Արխիվ -- ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները պարզում են պաստառներ` կոչ անելով ազատ արձակել ազատազրկված ընդդիմադիրներին

«Սեւան» քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ արձակվեց Հայոց համազգային շարժում կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Արամ Բարեղամյանը, որը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ 2008 թվականի հուլիսի 14-ին դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակել Արամ Բարեղամյանին:

Արամ Բարեղամյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել երեք հոդվածներով, սակայն նա արդարացրել էր «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» մասով, եւ մեղավոր էր ճանաչել «ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու» եւ «անձի առողջությանը վնաս պատճառելու» մեջ:

Ազատ արձակվելուց անմիջապես հետո «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Բարեղամյանը պնդեց, որ իր նկատմամբ իրականացվել է քաղաքական հաշվեհարդար. - «Նույնիսկ դատապարտյալները ինձ բառացիորեն ճանաչել են քաղաքական բանտարկյալ: Կարգ կա` կամերայով նկարում են, արխիվ են դնում: Ինձ ստիպում էին ասել` դատապարտյալ Արամ Բարեղամյան: Ես հրաժարվեցի: Ինձ դրա համար ուզում էին պատժախուց տանել… Եվ ես ասացի ինչպես կար` ինձ այստեղ բերել են ապօրինի, ոչ լեգիտիմ իշխանությունները իմ քաղաքական հայացքների համար»:

Բարեղամյանը հայտարարեց, որ այնքան է պայքարելու` «մինչեւ ուղղվի իր վերաբերյալ կայացված դատական սխալը». - «Որ ես արդարանալու եմ` դրանում կասկած չունեմ: Ովքեր մեղավոր են եղել իմ հարցով, իմ ընկերների հարցով, պետք է պատժվեն: Հիմնականում խոսքը գնում է այն ոստիկանների մասին, ովքեր կեղծ ցուցմունքներ էին տալիս… Նույնիսկ դատավորն ու դատախազը ծիծաղելով` ինձ վեց տարի տվեցին»:

Արամ Բարեղամյանի հարազատներն այսօր հիշում էին դատավարությունը, եւ այն, որ նա տուժող ճանաչվելու փոխարեն դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` մեկ ոստիկանի ցուցմունքով:

Նա, հիշեցնենք, ձերբակալվել էր հիվանդանոցում. Ազատության հրապարակում մարտի 1-ին ոստիկանների գրոհի հետեւանքով 7 կար էին դրել գլխին:

Հարազատները վստահ են, որ այս բանտարկությունից հետո էլ Արամ Բարեղամյանի քաղաքական հայացքները չեն փոխվի:

Բարեղամյանին, ինչպես նաեւ մյուս ազատազրկված ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի 3 հիմնական պահանջներից մեկն է` իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար:

Ընդդիմությունը համարում է, որ մյուս երկու պահանջները` Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը եւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտելու հավաստիացումը, արդեն իսկ կատարվել են իշխանությունների կողմից:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG