Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը սպանվել է Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում եւ Ուսամա բին Լադենի մարմինը ամերիկյան հատուկ ծառայությունների մոտ է:

«Բին Լադենի մահը «Ալ-Ղաիդային» պարտության մատնելու ճանապարհին մինչեւ այժմ մեր ունեցած խոշորագույն ձեռքբերումն է», - ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում ասել է Օբաման: - «Կասկած չկա, որ «Ալ-Ղաիդան» կշարունակի հարձակումներ իրականացնել մեր դեմ: Մենք պետք է զգոն լինենք երկրի ներսում, եւ մեր սահմաններից դուրս», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգների դեմ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված խոշորագույն ահաբեկչության հեղինակ Ուսամա Բին Լադենի դեմ մայիսի 1-ին իրականացված օպերացիայի արդյունքում ամերիկյան հատուկ ջոկատայինները կորուստներ չեն կրել:

ԱՄՆ-ի նախագահը հավելել է, որ Պակիստանի հատուկ ծառայությունները օգնել են` ամերիկացիներին «ուղղորդելով Բին Լադենի մոտ», եւ շնորհակալություն է հայտնել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին` ցուցաբերած աջակցության համար:

«Ժամանակին Բին Լադենին հաջողվեց խուսափել գերությունից եւ նա թաքնվում էր Պակիստանում: Ես հրամայել էի ԿՎՀ-ի տնօրենին նրան գերելը դարձնել թիվ 1 առաջնահերթությունը», - իր ելույթում նաեւ ասել է Օբաման:

«Մեկ շաբաթ առաջ մենք հետախուզական տվյալներ ստացանք Պակիստանում բին Լադենի գտնվելու վայրի վերաբերյալ: Ես համարեցի, որ բավական տեղեկատվություն կա օպերացիա իրականացնելու համար», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման հատուկ ընդգծել է, որ ամերիկյան ուժերի իրականացրած գործողությունները Իսլամի դեմ պատերազմ չեն հանդիսանում:

ԱՄՆ -- Ինքնաբուխ հանրահավաք Սպիտակ տան առջեւ, Վաշինգտոն, 2-ը ապրիլի, 2011թ.
«Այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս, որ ամերիկացիներն ունակ են լուծել իրենց առջեւ դրած ցանկացած առաջադրանք… արդարադատությունը իրականացված է», - եզրափակել է Միացյալ Նահանգների նախագահը:

Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ, ինչպես նաեւ Նյու Յորքում այս պահին հազարավոր մարդիկ են հավաքվում: Նրանցից շատերը ամերիկյան դրոշներ են կրում, եւ չնայած ուշ գիշերային ժամին` ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների հիման վրա

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG