Մատչելիության հղումներ

logo-print

«Բարգավաճ Հայաստան»-ում «իշխում են» Աժ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու տրամադրություններ


Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն նոր հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.

Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը ստորագրում են կոալիցիոն նոր հուշագիրը: 17-ը փետրվարի, 2011թ.

Իշխող կոալիցիա մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում «գերիշխող տրամադրությունն» այն է, որ խորհրդարանական ընտրություններին գնալու են ինքնուրույն:

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդում գերիշխող տրամադրությունն այն է, որ մենք խորհրդարանական ընտրություններին գնալու ենք ինքնուրույն: Եվ կարծում եմ` սա նաեւ մեր շարքերի ընդհանուր տրամադրությունն է: Եվ դրա համար բազմաթիվ պատճառներ կան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասել է կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը` հավելելով. - «Ուզում եմ հատուկ ընդծել, որ առայսօր «Բարգավաճ Հայաստան»-ի ո'չ քաղաքական խորհրդում եւ ո'չ էլ պատգամավորական խմբակցությունում ընտրությունների հետ կապված հարցեր, ցուցակների հետ կապված, նախընտրական տակտիկայի հետ կապված հարցեր ընդհանրապես չեն քննարկվել: Որովհետեւ մենք կարծում ենք, որ ամեն ինչ լավ է իր ժամանակին»:

Հարցին, թե արդյոք նման մոտեցումը ստվեր չի գցում կոալիցիոն նոր հուշագրի վրա, Արամ Սաֆարյանը պատասխանեց. - «Մենք անկեղծ, մաքուր սրտով, պատրաստակամորեն ստորագրել ենք կոալիցիոն հուշագիրը` ելնելով այն պարզ իրողությունից, որ Հայաստանի Հանրապետության նախագահին, որին մենք հարգում ենք եւ ամբողջովին սատարում, անհրաժեշտ է գործելու ազատություն` երկրի առջեւ կանգնած բարդ քաղաքական, ռազմական, տնտեսական, ֆինանսական խնդիրները լուծելու համար: Եվ մենք նրան այդ ազատությունը տվել ենք: Եվ մենք շարունակելու ենք սատարել նրան այս ամբողջ ընթացում: Ինչ վերաբերում է ընտրություններին մեր մասնակցությանը` դրա մասին խոսելու ժամանակը դեռ կգա»:

Կուսակցության մեկ այլ ղեկավար անդամ` Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հուշագրի ստորագրումը մեկնաբանել էր հետեւյալ կերպ. - «Որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին դիմակայելու համար»:

Հանրապետական կուսակցությունից հրաժարվեցին մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարությունը:

Կոալիցիայի երրորդ անդամ` «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե որեւէ վատ բան չի տեսնում «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարության մեջ:

«Դա նորմալ է, երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ ինքը այդպես է ուզում գնալ ընրությունների: Այստեղ որեւէ արտառոց բան ես չեմ տեսնում: Ընդհանրապես նման քննարկում կոալիցիոն քաղաքական ուժերի միջեւ չի եղել` ո'չ առանձին գնալու, ո'չ միասին գնալու…»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, նման հայտարարության համար դեր է խաղացել երկու հանգամանք. - «Առաջինը` կոալիցիոն հուշագրի վերաստորագրումը քաղաքական առումով շատ արհեստական միջավայրում տեղի ունեցավ: Ըստ էության` բոլորը նկատեցին, որ կար պարտադրված գործընթաց եւ բոլորը նկատեցին, որ այդ փաստաթուղթը անհրաժեշտ էր կոալիցիայի ընդամենը մեկ կողմին: Եվ ենթադրելի էր, որ ժամանակի ընթացքում առիթը օգտագործելու են, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ինքնուրույնությունը ցույց տալու համար»:

Ի տարբերություն Հեղինե Բիշարյանի` Սուրենյանցը «Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարությունը կապում է նաեւ վերջին շաբաթներին ընթացող ներքաղաքական զարգացումների հետ:

Նրա խոսքով, այսօր Հայաստանում ըստ էության ստեղծվել է որակապես նոր քաղաքական իրավիճակ. - «Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմերը ընդառաջ քայլեր են անում: Չկա գործարք, չկա երկխոսություն, բայց կա երկու թիմերի ներդաշնակ գործողությունների հանգամանք, որը անզեն աչքով էլ տեսանելի է: Եվ մնացած բոլոր քաղաքական սուբյեկտները, բնականաբար, այս համատեքստում փորձում են ցույց տալ իրենց ինքնուրույնությունը: Որովհետեւ ակնհայտ է, որ եթե իշխանությունները եւ Հայ ազգային կոնգրեսը գան որոշակի ընդհանուր հայտարարի, մենք ունենալու ենք երկբեւեռ քաղաքական համակարգ, մյուս կուսակցությունների դերակատարությունը լինելու է նվազագույն: Նրանք փորձելու են ինչ-որ քայլերով ամրագրել իրենց ինքնուրույնությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG