Մատչելիության հղումներ

Լոնդոնում կիզակետին է հասել համազգային եռուզեռը, որը բրիտանական մամուլն անվանել է «ամուսնամոլություն»:

Մեծ Բրիտանիայի 29-ամյա արքայազն Ուիլյամը (Ուիլյամ Արթուր Ֆիլիպ Լուիս) այսօր ամուսնանում է իր հասակակից Քեյթ Միդլթոնի հետ:

Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մոտ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ, եվրոպական արքայական ընտանիքների պատվիրակներ, դիվանագետներ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, սպորտի եւ արվեստի աստղեր:

Լոնդոն են մեկնել շուրջ 1900 բարձրաստիճան հյուրեր, որոնցից 600-ը կարժանանան Բուքինգհեմյան պալատում հանդիսավոր ճաշին ներկա լինելու պատվին, իսկ մնացյալների ճաշկերույթը տեղի կունենա Վեսթմինսթերի աբբայությունում:

Անվանի անձնավորություններից ոմանք զրկվել են այսօրվա արարողություններին ներկա լինելու հնարավորությունից: Բրիտանական մամուլը նշում է, որ արքայական ընտանիքը պարտավոր էր ամուսնական հանդեսին հրավիրել նախկին վարչապետեր Թոնի Բլեյրին եւ Գորդոն Բրաունին:

Օտարերկրացիների անուններն էլ են հիշատակվում մամուլում: Մեծ Բրիտանիայում հավատարմագրված դիվանագետներից Սիրիայի դեսպանը նախ ստացել է հրավերը, ապա այն պաշտոնապես չեղյալ է հայտարարվել։ Բահրեյնի դեսպանն ինքն է ասել, որ չի կարող մասնակցել այսօրվա տոնական հավաքներին:

Բրիտանական հարստությունն անցած շաբաթներին ակտիվորեն պատրաստվել է այս օրվան: Արքայական մանկական երգչախմբի ղեկավար Էնդրյու Գանթը BBC հեռուստակայանին ասել է, որ իր եւ երեխաների համար մեծ պատիվ է Ուիլյամին եւ Քեյթին երգով շնորհավորելու առիթը:

Արքայական տնտեսության փոխտնօրեն Էդվարդ Գրիֆիթսի փոխանցմամբ էլ` Նորին Մեծության խոհանոցի լավագույն մասնագետներն անհաշիվ համեղ ուտեստներ են պատրաստում հյուրերի ճոխ ճաշկերույթի համար:

Ինչպես լոնդոնյան օրաթերթերն են նշում, ապրիլի 29-ը պապարացիների, հուշանվերներ վաճառողների, սրճարանների տերերի եւ կենտրոնում անշարժ գույք ունեցողների աստեղային ժամն է:

Լոնդոն ամեն օր այցելող զբոսաշրջիկների միջին թիվն այսօրվա ամուսնական հանդեսի կապակցությամբ կավելանա առնվազն 600 հազարով:

Աշխարհի բոլոր մայրցամաքներից ժամանած մարդիկ մեծ գումարներով են վարձում այն հյուրանոցների համարներն ու մասնավոր բնակարանները, որոնց պատուհաններից հնարավոր է տեսնել Բուքինգհեմյան պալատը, Վեսթմինսթերի աբբայությունը, Սուրբ Ջեյսմի այգին եւ Ուայթհոլը՝ Խորհրդարանի հրապարակից Թրաֆալգար հրապարակ տանող փողոցը:

Քաղաքում այսօր պարեկություն է իրականացնում հինգ հազար ոստիկան, այսօր հերթապահության կանչված բրիտանական գաղտնի ծառայությունների աշխատակիցների թիվը չի հաղորդվել, հայտնի է սակայն, որ այդ համակարգի բոլոր ծառայողներին կարգադրել են այս օրերին արձակուրդ չվերցնել:

Լոնդոնում զուր չեն անվտանգության ապահովման աննախադեպ միջոցներ են ձեռնարկել՝ ծայրահեղականների կայքէջերում մի քանի անգամ հայտնվել են հայտարարություններ ապրիլի 29-ին «անգլիացիներին պատժելու եւ ամուսնական հանդեսը մղձավանջի վերածելու» սպառնալիքներով:

Երկրի օրհներգը փառաբանում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդին: Այն սկսվում է «Աստված, Փրկեա Թագուհուն» ուղերձով:

Բայց ինչ-որ ապագայում գահին կբազմի թագավորը եւ կթագադրվի, ըստ վերլուծաբանների, ոչ թե ներկայիս թագաժառանգ Չարլզը, այլ նրա ավագ որդին` Էլիզաբեթ երկրորդի ավագ թոռ, Ուելսի իշխան Ուիլյամը:

Ուստի, այսօր մի քանի ժամից հարյուր հազարավոր մարդիկ Լոնդոնում եւ մոտ երկու միլիարդ հեռուստադիտող ամբողջ աշխարհում կդառնան ապագա թագավորի ամուսնության ականատեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG