Մատչելիության հղումներ

logo-print

Ռուստամյանը առայժմ չի տեսնում, որ երկխոսությունը «կհանգեցնի իրավիճակի բարեփոխմանը»


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարծում է, որ իշխանությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ երկխոսում է երկրում գոյություն ունեցող դժգոհության ալիքը մեղմելու նպատակով:

«Հնարավոր ընդվզումները, դժգոհությունները սահմանափակելու, կանխելու, այսպես ասած, «գոլորշին բաց թողնելու» հնարավոր միջոց եւ դաշտ է ստանում իշխանությունը, ինչը ցանկացած իշխանության համար օգտակար է, որ իզուր տեղը ավելորդ խնդիրներ իր երկրի ներսում չունենա», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ի՞նչ է ստանում այս երկխոսությունից Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռուստամյանը պատասխանեց, թե Հայաստանի առաջին նախագահը փորձում է չեզոքացնել հանրահավաքներին մասնակցող ժողովրդի ճնշումը իր նկատմամբ, քանի որ խոստումներ է տվել ժողովրդին եւ դրանք կատարելու պատասխանատվությունը ծանրացել է իր ուսերին: Միեւնույն ժամանակ, ըստ Ռուստամյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ տեսնում է, որ իր խոստումներ կատարել այնպես, ինչպես հավաքված ժողովուրդն է ուզում, հնարավոր չէ, որովհետեւ կարող են կրկնվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները:

Ռուստամյանի խոսքով` ՀԱԿ-ի ղեկավարը նաեւ չի կարող խոստովանել, որ այն, ինչ խոստացել է, հնարավոր չէ իրականացնել, եւ հետեւաբար ժողովրդի հիասթափությունից խուսափելու եւ զանգվածների վրա ազդեցությունը պահելու լավագույն միջոցը երկխոսելն ու ցույց տալն է, որ իշխանությունների առջեւ դրված մինիմալ պահանջները կատարվում են: Ռուստամյանը կարծում է, որ երկրորդ մարտի 1, երբ զոհեր կլինեն ոչ թե հանրահավաքի ղեկավարներից, այլ մասնակիցներից, Տեր-Պետրոսյանը «չի կարողանա մարսել»:

Նրա փոխանցմամբ` եթե ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ ընթացող երկխոսությունը իսկապես հանգեցնելու է սոցիալ տնտեսական վիճակի լարվածության մեղմացմանը, ապա իրենք միայն կարող են ողջունել դա, բայց առայժմ, ըստ Ռուստամյանի, կողմերը քաղաքական հաշվարկի արդյունքում են միմյանց հետ երկխոսում:

«Ժողովուրդը այդ ընթացքում դառնում է գործիք, դիտորդ, եւ ամենավատագույն սցենարը կարող է լինել այն, որ այդ քաղաքական ուժերը իրար հետ ինչ-որ բաների շուրջ համաձայնվեն, բայց ի վերջո ժողովուրդը դրանից ոչինչ չստանա», - ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանը չի բացառում, որ երկխոսության արդյունքում տեղի ունենա «ինչ-որ ազդեցությունների վերաբաշխում, շահերի փոխադարձ հարգում եւ սեփականության վերաբաշխում», բայց դա ժողովրդի համար էական փոփոխություն չառաջացնի:

«Ես առայժմ չեմ տեսնում, որ այս երկխոսությունը հանգեցնելու է իրավիճակի բովանդակային առումով բարեփոխմանը, որովհետեւ եթե այդ [երկխոսելու] հնարավորությունները չեն հանգում նրան, որ ի վերջո արմատապես փոխվի այն քաղաքականությունը, որ այսօր իշխանությունները իրականացնում են, որի պատճառով առաջացել են այս պրոբլեմները, սրանք չեն կարող դրական արդյունք տալ», - կարծում է Ռուստամյանը:

Ռուստամյանը չի բացառում, որ ՀԱԿ-ն ու իշխանությունները կարող են պայմանավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ, քանի որ երկուսն էլ կարող են դրանից դիվիդենտներ շահել:

«ՀԱԿ-ը կարող է դա ներկայացնել որպես իր պահանջի բավարարում, իշխանությունն էլ կարող է ներկայացնել, որ շատ ավելի լայնախոհ է, քան պատկերացնում էր որեւէ մեկը, որ անգամ դրան պատրաստ է գնալ: Բացի այդ իշխանությունները, մի քիչ հեռացնելով ԱԺ ընտրություններ նախագահական ընտրություններից, ավելի մեծ ժամանակ են ունենում հետընտրական ալիքը մեղմելու, որ կարող է առաջանալ խորհրդարանական ընտրությունների դժգոհություններից», - ասաց Ռուստամյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր, իր հերթին անդրադառնալով ՀԱԿ-ի եւ իշխանությունների երկխոսությանը, հիշեցրել է, որ ՀԱԿ-ը ժամանակին ահաբեկում էր մյուս ուժերին, ովքեր համարձակվում էին երկխոսել իշխանությունների հետ` այդ ուժերին անվանելով «կեղծ ընդդիմություն», մինդեռ այսօր ՀԱԿ-ը փոխել է իր դիրքորոշումը եւ ինքն է փորձում երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG