Մատչելիության հղումներ

Քեյդենաուն հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ


ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաու

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաու

Երկօրյա աշխատանքային այցով հինգշաբթի Երեւան է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն:

Արդեն կայացել է Քեյդենաուի հանդիմումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանն առնչվող այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Այսօր ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախատեսված են փոխպետքարտուղարի օգնականի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ուժերի առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ տնտեսական իրավիճակին, ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ:

Քեյդենաուն Երեւան է ժամանել Թբիլիսիից, իսկ ապրիլի 24-ին նա այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով Քեյդենաուի տարածաշրջանային այցը, ասաց, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը նկատելիորեն ավելի է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա անուղղակի վկայությունը, ըստ քաղաքագետի, նաեւ այն է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի այցին զուգահեռ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը Վաշինգտոնում հյուրընկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Կիրակոսյանի գնահատմամբ` սա ԱՄՆ-ի կողմից ղարաբաղյան հակամարտությունը նորովի գնահատելու մի փորձ է, ինչը նպատակ ունի առաջիկա ամռանն ընդառաջ կանխել հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:

Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Քեյդենաուի` Բաքվին հասցեագրված ուղերձը առավելապես պատերազմի կանխմանն է վերաբերում: Մինչդեռ նրա Երեւան բերած ուղերձը, ըստ փորձագետի, կարող է վերաբերել նաեւ ժողովրդավարությանն ու ներքաղաքական հարցերին` նպատակ ունենալով նպաստել գործող նախագահ Սերժ Սարգսյանի եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացմանը միտված ջանքերին: Քաղաքագետը նույն, ներքաղաքական համատեքստում գնահատեց նաեւ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով Շտեֆան Ֆյուլեի այսօրվա այցը Երեւան:

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Թինա Քեյդենաուի հանդիպման հարցն առայժմ հստակեցված չէ:

Դեսպան Քեյդենաուն Հայաստանի եւ կովկասյան այլ երկրների հետ հարաբերությունների գծով անմիջական պատասխանատու պաշտոնյան է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում: Ներկայիս պաշտոնում նա նշանակվել է 2009-ի օգոստոսին` փոխարինելով ներկայումս Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG