Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը` իշխանություն - ընդդիմություն հնարավոր երկխոսության մասին


Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը ապրիլի, 2011թ.

Ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում, Երեւան, 8-ը ապրիլի, 2011թ.

«Այս պահի դրությամբ երեք պահանջներից երկուսը Հայ ազգային կոնգրեսը համարում է կատարված, եւ մնացել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Իշխանությունը պետք է կատարի այդ պահանջը: Կախված նրանից`
Արման Մուսինյան
կկատարվի այդ պահանջը, թե ոչ, ըստ այդմ էլ Հայ ազգային կոնգրեսը այսօրվա հանրահավաքում հասարակության հետ միասին կընդունի համապատասխան որոշում», - հավելեց Մուսինյանը` վերստին ընդգծելով. - «Երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ երեք պահանջները պետք է կատարվեն»:

«Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ երկխոսության օրակարգը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են», - ասաց ընդդիմադիր շարժման խոսնակը, իսկ հարցին, թե ի՞նչ ժամկետներում են իրենք դա ակնկալում, արձագանքեց. - «Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք»:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ` ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե մինչեւ ապրիլի 28-ի հանրահավաքը Կոնգրեսն ընկալում է, որ կկատարվեն հանուն երկխոսության իրենց կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները՝ «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը»: «Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր», - ասել էր Տեր-Պետրոսյանը:

Ըստ էության, «Մարտի 1»-ի բացահայտման պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացում տրվեց Հայաստանի նախագահի նստավայրում 8 օր առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ, Երեւանի քաղաքապետարանը օրերս չեղյալ համարեց Ազատության հրապարակում ապրիլի 28-ի հանրահավաքն արգելող որոշումը, սակայն դեռ բանտում են «Մարտի 1»-ի գործով դատապարտված հինգ ընդդիմադիրներ:

Նախօրեին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «իշխանությունները պատրաստ են «լիցքաթափման քայլեր կատարելու»: «Ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ», - ասաց նախագահը` միաժամանակ հրաժարվելով պարզաբանել, թե արդյո՞ք լիցքաթափման քայլերի մասին առաջարկությունները վերաբերում են անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների ազատ արձակմանը:

«Ապրիլի 28-ը ջրբաժա՞ն կլինի, թե՞ երկխոսության մեկնարկի օր», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը արձագանքեց. - «Երեկ հանրապետության նախագահը շատ կոնկրետ պատասխանել է այդ հարցերին եւ ըստ էության իր ելույթում անդրադարձել է արտախորհրդարանական ընդդիմության եւ
Սամվել Նիկոյան
իշխանության հարաբերություններին եւ նախաձեռնել է մի քանի առաջարկներ, որոնք, իմ կարծիքով, պետք է որ արտախորհրդարանական ընդդիմության կողմից շատ ընկալելի լինեին: Եվ նման դեպքում արդեն բնական է, որ 28-ը կդառնա իշխանություն - ընդդիմություն քաղաքակիրթ երկխոսության հնարավորության նախաձեռնություն»:

Իսկ թե արդյո՞ք իշխանությունը պատրաստ է երկխոսությունը սկսել արտահերթ ընտրությունների պայմանով` այս կապակցությամբ Նիկոյանը հայտարարեց. - «Երկխոսություն արտահերթ ընտրությունների մասին` դա երկխոսություն չի արդեն, դա դառնում է այն շրջանը, որը երեք տարի անցել ենք: Դա երկխոսություն չի` դա կապիտուլյացիայի առաջարկ է: Կարծում եմ, որ ընդդիմությունը ձեռնպահ կմնա նման առաջարկներից, որովհետեւ միանշանակ դա չի մտնում իշխանության, այսպես ասած, ձեռնարկվելիք քայլերի մեջ»:

Խորհրդարանում փոքրամասնություն կազմող ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ ներկայումս տեղի ունեցող գործընթացը, մասնավորապես` որ Կոնգրեսը դնում է պահանջներ, իսկ իշխանությունը դրանք կատարում է, ասաց, որ եթե այդ գործընթացը երկխոսության ինչ-որ ձեւ է, ապա այդ երկխոսությունը պետք է լինի հրապարակային եւ պետք է համապատասխանի այն պահանջներին, որոնք մինչեւ այդ ընդդիմությունը ներկայացրել է` խոսքը տվյալ դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների մասին է:

«Ոչ միայն արտահերթ, այլ արտահերթ նախագահական, ամբողջ
Արմեն Մարտիրոսյան
իշխանափոխության, բարեփոխումների, կամ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում` ավազակապետության քանդման` եթե դրա շուրջ է երկխոսությունը, ապա այդ նպատակները հանրությանը ներկայացրել են, եւ դրա շուրջ պետք է, բնականաբար, երկխոսությունը դրական գնահատվի», - հայտարարեց Մարտիրոսյանը` ընդգծելով. - «Բայց եթե երկխոսությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է, եթե երկխոսությունը մի քանի մանդատներ ստանալու մասին է, եթե երկխոսությունը որոշակի բիզնես շահեր ունենալու մասին է` բնականաբար, դա հասարակության կողմից եւ ընդդիմության կողմից չի ողջունվելու»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG