Մատչելիության հղումներ

«Իրանը կմիացնի Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին»


Իրանական ընկերությունները կոնսորցիում են ստեղծելու` Հայաստանի երկաթուղային ցանցը Իրանի միջոցով միջազգային ջրերին միացնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն` վկայակոչելով Mehr լրատվական գործակալությունը, երեկ հայտարարել է Իրանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեն:

«Իրանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կոնսորցիում ստեղծել` Հայաստանում ճանապարհներ եւ երկաթուղիներ կառուցելու եւ նրանց երկաթուղային ցանցը Իրանի ցանցին միացնելու համար», - ասել է իրանցի փոխնախարարը:

Փիլփայեի վկայությամբ` այդ երկաթուղային ցանցը ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը` Հայաստանի, 60 կլիոմետրը` Իրանի տարածքում:

Նա ասել է, որ երկու կողմերի միջեւ համապատասխան Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի իրականացմամբ Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին կմիացվի Բանդար Աբաս իրանական նավահանգստի միջոցով:

Փոխնախարարը նաեւ հայտարարել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում 624 կիլոմետր երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը, որը կկապի Իրանը Վրաստանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG