Մատչելիության հղումներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին հավատում է Աստծուն, վկայում են բրիտանական IPSOS հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:

Աշխարհի 23 պետություններում անցկացված հարցմանը մասնակցել է շուրջ 18 հազար մարդ: Նրանց 51 տոկոսը նշել է, թե հավատում է Աստծո գոյությանը, 17 տոկոսը ասել է, թե աթեիստ է, հարցվածների եւս 18 տոկոսն էլ առայժմ չի կողմնորոշվել` հավատալ Աստծուն, թե ոչ:

Հավատացյալների թվով աշխարհի առաջատարներն են Ինդոնեզիան եւ Թուրքիան: Ինդոնեզիայի բնակչության 93 եւ Թուրքիայի բնակչության 91 տոկոսը, IPSOS-ի հետազոտողների վկայությամբ, հավատում է Աստծո գոյությանը:

Քրիստոնյա պետությունների շարքում հավատացյալների թվով միանձնյա առաջատարը Բրազիլիան է` 84 տոկոս:

Մեկնաբանելով հարցման արդյունքները` IPSOS-ի գործադիր տնօրեն Բոբ Դաֆին նշել է. - «Շատերին կարող է թվալ, որ մենք ապրում ենք աշխարհիկ մի դարաշրջանում, սակայն պարզվում է, որ գլոբալացված աշխարհի շատ բնակիչների համար հոգեւոր կյանքը շարունակում է պահպանել իր կարեւորությունը»:

Աթեիստների թվով առաջատարները Արեւմտյան Եվրոպայի պետություններն են: Ֆրանսիայում Աստծո գոյությանը հավատում է բնակիչների 39, Բելգիայում` 34, իսկ Գերմանիայում` ընդամենը 31 տոկոսը:

Հավատացյալների թիվը բավական ցածր է նաեւ Ճապոնիայում`մոտ 33 տոկոս:

IPSOS-ի ղեկավարը Reuters-ին տված հարցազրույցում նաեւ նշել է. - «Մեր անցկացրած հարցման եւս մի զարմանալի արդյունքը այն բավական մեծ թվով մարդկանց առկայությունն է, ովքեր պարզապես չեն կարողանում կողմնորոշվել` ինչպես է առաջացել կյանքը եւ ինչ է լինում մարդկանց հետ մահվանից հետո»:

Հետազոտության արդյունքների համաձայն` ամենաշատը դրախտի եւ դժոխքի գոյությանը հավատում են ինդոնեզիացիները, թուրքերն ու հարավաֆրիկացիները:

Բրիտանացի սոցիոլոգները նաեւ փորձել են պարզել` մոլորակի եւ մարդ արարածի առաջացման որ տեսությունն է առավել մեծ տարածում գտել աշխարհում: IPSOS-ի մասնագետների վկայությամբ` աշխարհի բնակչության 41 տոկոսը համոզված է, որ մարդն առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, 28 տոկոսի համոզմամբ` մարդուն Աստված է ստեղծել, եւս 31 տոկոսը այս հարցում դեռ չի կողմնորոշվել:

«Էվոլյուցիոն տեսության կողմնակիցները հիմնականում բնակվում են Արեւմտյան Եվրոպայում, ինչպես նաեւ Չինաստանում ու Ճապոնիայում», - նշում են բրիտանացի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG