Մատչելիության հղումներ

Բաքու են ժամանել ամերիկացի կոնգրեսականներ


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից
Չորեքշաբթի երեկոյան երկօրյա այցով Բաքու ժամանեցին ամերիկացի վեց օրենսդիրներ՝ Կոնգրեսի Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահ Բիլ Շուստերի գլխավորությամբ:

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, կոնգրեսականները հինգշաբթի օրը կհանդիպեն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ քննարկելու երկու երկրների հարաբերություններն ու դրանց զարգացման ընթացքը:

«Ամենակարեւորն այն է, որ մենք այդ հանդիպումներում Միացյլալ Նահանգների երախտագիտությունը հայտնենք Ադրբեջանի կառավարությանն ու նախագահին՝ Վաշինգտոնի մեծ բարեկամը լինելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Բիլ Շուստերը:

«Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը մեր մեծ դաշնակիցն է, ամենավստահելիներից մեկը աշխարհում, որը գտնվում է հարավից՝ Իրանի, հյուսիսից՝ Ռուսաստանի հարեւանությամբ: Սա բարդ, շատ բարդ տարածաշրջան է, որտեղ նրանք Միացյալ Նահանգներն ընդունում են որպես բարեկամ ու դաշնակից», – ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Ընդգծելով Ադրբեջանի կարեւորությունը Միացյալ Նահանգների համար, Շուստերը միաժամանակ փաստել է՝ այդուամենայնիվ, պաշտոնական Վաշինգտոնը մտադիր չէ աչք փակել այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության վրա, եւ որ իրենք պատրաստվում են այս հարցը եւս բարձրացնել կառավարության ու նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներում:

«Մենք ուզում ենք վերահաստատել ժողովրդավարական ինստիտուտները կատարելագործելու, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ, ի վերջո, Ամերիկայի ժողովուրդը Ադրբեջանի՝ մեր դաշնակից երկրի մասին պատկերացում է կազմելու հենց այդ սկզբունքներից ելնելով: Հաշվի առնելով այն, ինչ այժմ կատարվում է Միջին Արեւելքում, ամերիկացիներն ուզում են ունենալ ժողովրդավար դաշնակիցներ ու բարեկամներ, որտեղ կառավարությունները թափանցիկ են աշխատում եւ հարգում են մարդու իրավունքները: Այնպես որ, մենք մտադիր ենք քննարկել նաեւ ժողովրդավարությանը վերաբերող հարցերը, իհարկե, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները գնահատում է հավատարիմ դաշնակիցներին, ինչպիսին Ադրբեջանն է», - ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Վեց հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկվել են թե' դեմոկրատներ, թե' հանրապետականներ, ընդ որում` նրանցից շատերը առաջին անգամ են լինում Բաքվում:

«Կարծում ենք՝ շատ կարեւոր է լինել այդ երկրում, որը թեեւ այդչափ կարեւոր է Միացյալ Նահանգների համար, այդուամենայնիվ, հաճախ Կոնգրեսի կողմից չի արժանանում պատշաճ ուշադրության», - իր հերթին, ասել է պատվիրակության անդամ, դեմոկրատ կոնգրեսական Քրիս Մըրֆին՝ հույս հայտնելով, որ այս այցի ընթացքում ստացած արդյունքներն ու տպավորությունները թույլ կտան իրենց է'լ ավելի ամրապնդել երկկողմ երկրների հարաբերությունները Վաշինգտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG