Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իշխանությունները կատարել են Կոնգրեսի երեք պահանջներից երկուսը, եւ չեմ կասկածում, որ մայիսի ընթացքում կբավարարեն նաեւ երրորդը` վերջապես ազատ արձակելով դեռեւս բանտերում գտնվող քաղբանտարկյալներին: Այդպիսով հնարավորություն է ստեղծվելու երկխոսելու, բանակցելու, առաջիկա ընտրությունների մասին պայմանավորվելու: Կան բազմաթիվ գործիչներ, մեկնաբաններ եւ պարզ քաղաքացիներ, ովքեր այդ ամենի մասին խոսում են հանդիմանական շեշտերով` մեղադրելով ՀԱԿ-ին «անսկզբունքայնության մեջ»: Ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե որն է այստեղ «կրիմինալը»: Ավելի լավ կլիներ, որ հակադիր քաղաքական ուժերը իրար նկատմամբ «ջիհա՞դ» հայտարարեին: Եթե ոչ, ապա միակ այլընտրանքը պայմանավորվելն է: Ի դեպ, վստահ եմ. այն, որ քաղաքակիրթ երկրներում լուրջ քաղաքական պրոցեսներն ընթանում են խաղաղ եւ անցնցում, նույնպես որոշակի պայմանավորվածությունների արդյունք է»:

Քննարկումը շարունակում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Բանն այն է, որ մանր-մունր քաղաքական ուժերը չափազանց բուռն են արձագանքում ՀԱԿ - իշխանություն երկխոսությանը: Մեկը հայտարարում է, թե ՀԱԿ-ը ընդդիմություն չէ եւ երբեւէ չի եղել, մյուսը սաստիկ մտահոգվում է, որ ՀԱԿ-ն ու Սերժ Սարգսյանը կարող են «համատեղ ջանքերով» կոծկել մարտի 1-ը, երրորդը հայտարարում է, թե եթե երկխոսությունը կայանա` դրանից պետությունն ու ժողովուրդը կտուժեն եւ այլն: Իրականում, իհարկե, կտուժեն միայն մանր-մունր կուսակցությունները, որովհետեւ միանգամից կհայտնվեն խաղից դուրս վիճակում, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե ինչ կստանա ժողովուրդը այդ երկխոսության արդյունքում»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ընդդիմության նախանշած «ջրբաժանը» այսօր չէ, որ լինելու է: Այն տեղի ունեցավ այս տարվա մարտի 17-ին, երբ Տեր-Պետրոսյանը, հրաժարվելով հանրահավաքին եկած հանրության սպասելիքները քիչ թե շատ արտացոլող 15 պահանջներից, դրանցից օրակարգում թողեց ՀԱԿ-ի քաղաքական ակնկալիքներն արտացոլող երեքը: Հնարավորություն տալով կատարել այդ երեք ամորֆ պահանջները` ՀԱԿ-ը մի կողմից իշխանության հետ գործարք սկսելու նախադրյալներ ստեղծեց, մյուս կողմից՝ հուսախաբ արեց այն մարդկանց, ովքեր իրենց խնդիրների լուծումը կապել էին ՀԱԿ-ի հայտարարած իշխանափոխության հետ: Հասարակական պահանջներից այս հեռացումն էր իրական ջրբաժանը. դա ջրբաժան էր իշխանության հետ գործարքի գնալու պատրաստակամ ՀԱԿ-ի եւ հրապարակում հավաքված ու արմատական պահանջներ ներկայացնող ժողովրդի միջեւ»:

«Հայոց Աշխարհ»-ը անդրադառնում է Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին. - «Ակնհայտ է, որ մեր երկրի ներքաղաքական կյանքում ուշագրավ իրադրություն է ստեղծվել՝ քաղաքական ուժերի, իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու, ինչպեսեւ քաղաքակիրթ ու կոռեկտ շրջանակներում զարգացնելու առումներով։ Նույնքան ակներեւ է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր երեկվա հայտարարությամբ ու գնահատականներով ոչ միայն արձանագրեց նշված պատկերը, այլեւ լրջորեն խթանեց իրադրության հետագա ընթացքը հենց հանդուրժողականության եւ համագործակցության հունի մեջ պահելու հնարավորությունը։ Հանգամանք, որ իսկապես էական է թե՛ երկրի եւ հասարակության ներսում առողջ միջավայր, երկխոսության մթնոլորտ ձեւավորելու, եւ թե՛ պետության զարգացման հեռանկարի տեսանկյունից։ Ներքին առճակատումն ինքնաոչնչացման փակուղի է թե՛ քաղաքական ուժերի, թե՛ մեր կարգի երկրների ու հասարակությունների համար։ Եվ միանգամայն արդարացված են թե՛ մեր մեծ հաղթանակների, թե՛ Հայաստանի անկախության վերականգնման 20-րդ տարեդարձի առնչությամբ նախագահի երեկվա խոսքում հնչած ակնարկները։ Ի վերջո, թե՛ 1991-ին՝ անկախության հռչակման, թե՛ Շուշիի ազատագրման իրողություններին կարողացել ենք հասնել միասնականության շնորհիվ»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանն ընդդիմության հետ հանդուրժողական կանոններով կարող է խաղալ այնքան, որքան դրա մեջ իր համար վտանգ չի տեսնում համակարգը: Երբ համակարգը տեսնի վտանգ, ապա Սերժ Սարգսյանը կա՛մ ստիպված կլինի հեռանալ, կա՛մ դադարեցնել ընդդիմության հետ հանդուրժողության կանոններով հարաբերվելը, կա՛մ էլ ստիպված կլինի միաժամանակ կտրուկ հարվածներ հասցնել համակարգի հնարավոր անհնազանդության օջախներին: Առայժմ կարծես թե Սարգսյանին հաջողվում է վերահսկել իրավիճակը, եւ այդ հարցում, թերեւս, զգալի դեր ունի այն մտայնությունը, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ գործարք է առկա կամ այսպես ասած` առկա է երկխոսություն, փոխպայմանավորվածություն: Իշխանական համակարգում, թերեւս, այդ մտայնության շրջանակում համոզված են, որ Սերժ Սարգսյանն ընդդիմության հանդեպ հանդուրժող է դարձել, ընդդիմության պահանջներն է կատարում ոչ թե որովհետեւ շատ թույլ է, չունի ռեսուրս, չունի հակառակն անելու կամք եւ համարձակություն, այլ որովհետեւ ընդդիմության հետ պայմանավորվել է ներքաղաքական ստատուս քվոյի հարցում, եւ իշխանական համակարգին լուրջ փոփոխություններ, առավել եւս իշխանափոխություն չի սպասվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG