Մատչելիության հղումներ

Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարն ԱՄՆ-ին առաջարկել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը


«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդները նամազ են անում Անիի Մայր տաճարում
«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդները նամազ են անում Անիի Մայր տաճարում
2009 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը, առաջարկել է, որ ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին վկայում է Wikileaks կայքի հրապարակած ամերիկյան դիվանագիտական գաղտնի հաղորդագրությունների հերթական բացահայտումը, որը առաջինը տպագրվել է թուրքական «Թարաֆ» թերթում։

2009-ի ապրիլի 24-ին Թուրքիայում ԱՄՆ-ի այդ ժամանակվա դեսպան Ջեյմս Ջեֆրին կուսակցության գրասենյակում հանդիպել է Դեւլեթ Բահչելիի հետ։

Այս հանդիպման մասին դեսպանի հաղորդագրությունում երեք հիմնական կետ է նշված: Առաջին` Բահչելին մտահոգված է կուսակցության հանդեպ Միացյալ Նահանգների պատկերացումների շուրջ եւ իր կուսակցությունը ներկայացրել է որպես չափավոր քաղաքական ուժ, Երկրորդ՝ կուսակցությունը շարունակում է լավատես մնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների հարցում, որը բնորոշվել է որպես «ռազմավարական գործընկերություն»: Եվ երրորդ կետը, որը ԱՄՆ-ի դեսպանի հաղորդագրությունում անակնկալ է համարվում՝ դա Բահչելիի անդրադարձն է Հայոց ցեղասպանության խնդրին, որը ըստ էության «հրավեր էր նախագահ Օբամային՝ ճանաչել ցեղասպանությունը»։

Բահչելին էմոցիոնալ եւ խիստ, բայց ոչ զայրալից տոնով, ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Թուրքիան մինչեւ ապրիլի 24-ը ամիսներ շարունակ փոխադարձաբար վնասաբեր շրջանի մեջ են ընկել այն բանավեճում, թե արդյոք այս տարի ԱՄՆ-ի նախագահը կասի ցեղասպանության բառը։ Ըստ Բահչելիի, այս իրավիճակը հակա-ամերիկյան մթնոլորտ է ստեղծում հատկապես երիտասարդ սերնդի ընտրողների մոտ, որոնք յուրաքանչյուր տարի տանում են քաղաքական այս լարվածությունը։

«Թող ԱՄՆ-ը հիմա ասի այն, ինչ պատրաստվում է ասել», - առաջարկել է ազգայնական կուսակցության ղեկավարը` կարծիք հայտնելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում այդպիսով կփակվի «թարախոտ վերքը»։

ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին իր հաղորդագրության մեկնաբանության բաժնում նշել է որ Բահչելիի մարտահրավերը ԱՄՆ-ին` վերջնականապես հանդարտեցնելու Հայոց ցեղասպանության խնդիրը, արտահայտում է այն լայն ըմբռնումը, որ ցեղասպանության խնդիրը օգտագործվում է որպես քաղաքական գործիք։

«Թուրքիայի հանրության մի լայն շերտ կարծում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է 1915 թվականի դեպքերը ի վերջո կոչել ցեղասպանություն, բայց բանավեճի երեւութականությունը պահպանում է, որպես լծակ Թուրքիայի կառավարության հետ բանակցություններում», - նշել է դեսպանը։

Ջեյմս Ջեֆրին նաեւ նշել է, որ «Բահչելիի մարտահրավերը անկասկած հետապնդում է նաեւ իր սեփական շահը։ Ազգայնական շարժում կուսակցությունը ելնում է այն հաշվարկներից, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Թուրքիայում զգայական արձագանքի արդյունքում իրենք օգուտներ կունենան»:

ԱՄՆ-ի դեսպանը հավելել է, որ իրականում Բահչելին փորձում է քաղաքական աղմուկ բարձրացնել` պնդելով թե նախագահի կողմից Մեծ եղեռնի օգտագործումը հավասարազոր է Ցեղասպանություն բառին։

Անցած շաբաթավերջին Wikileaks-ի մեկ այլ հրապարակման համաձայն, 2007 թվականի փետրվարին այն ժամանակ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Վիլսոնի հետ հանդիպմանը Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը Հայոց ցեղասպանության բանաձեւի ներկայացումը շատ ցավալի է Թուրքիայի համար։

Դեւլեթ Բահչելին, անցյալ տարի պատասխանելով Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ մատուցելու արարողությանը, իր կուսակիցներով Անիի Մայր տաճարում մահմեդական կրոնական արարողություն` նամազ կատարեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG