Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հերթական քայլն է անում ընդդիմությանն ընդառաջ


Սերժ Սարգսյանը հերթական քայլն է անում ընդդիմությանն ընդառաջ
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

Իշխանությունները պատրաստ են «լիցքաթափման քայլեր կատարելու», այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Իշխանությունները պատրաստ են «լիցքաթափման քայլեր կատարելու», այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վալեքս գրուպ» ընկերությունում հրավիրած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձավ երկրի ներքաղաքական իրադրությանը:

«Ես կարեւորում եմ արտախորհրդարանական ընդդիմության գործունեության մեջ նկատվող դրական միտումները», - նշեց նախագահը` ողջունելով այն փաստը, որ ընդդիմության հանրահավաքներում հնչող ելույթները միտված են քաղաքական պայքարը տեղափոխել նաեւ «որոշակի հարթակներ» եւ միտված չեն հասարակության պառակտմանը:

«Ինձ դուր է գալիս նաեւ, որ հանրահավաքի կազմակերպիչները եւ ոստիկանները կարողանում են իրար հետ աշխատել: Եվ, փառք Աստծո, վերջին տեւական ժամանակահատվածում այդ միջոցառումների ընթացքում չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ»,- նաեւ ասաց Սերժ Սարգսյանը ու հավելեց` քանի որ վերջին շրջանում ընդդիմության ելույթներն այլեւս ուղղված չեն հասարակության պառակտմանը եւ չեն գրանցվել հասարակական կարգի կոպիտ խախտումներ, Ազատության հրապարակը կրկին կարող է դառնալ Հայաստանի զարգացման համար այլընտրանքային կարծիքների հնչեցման վայր:

«Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, այսօր մենք ունենք ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին իրենց զգոնությունը թուլացնել, եւ համագործակցելով՝ մենք կարող ենք իրոք մեր երկրին ապահովել լուրջ հաջողություններ», - փաստեց Սերժ Սարգսյանը: - «Այստեղ եւս մենք պատրաստ ենք առաջինը լինելու, պատրաստ ենք լիցքաթափման քայլեր կատարելու, եւ ես արդեն հանձնարարել եմ արդարադատության նախարարին տալ առաջարկություններ»:

Նախագահ Սարգսյանը, սակայն, հրաժարվեց պարզաբանել, թե արդյո՞ք լիցքաթափման քայլերի մասին առաջարկությունները վերաբերում են անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների ազատ արձակմանը` միայն ասելով. - «Ամեն ինչ շատ պարզ, հստակ ասացի»:

Ընդդիմության ապրիլի 8-ի հանրահավաքում ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել էր, թե մինչեւ հաջորդ հանրահավաքը` ապրիլի 28-ը, Կոնգրեսը ակնկալում է, որ կկատարվեն «հանուն երկխոսության» իրենց ներկայացրած երեք նվազագույն պահանջները` «քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացումը եւ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացումը»:

Անցած շաբաթ դատաիրավական համակարգի պատասխանատուների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ակնկալում է «նոր թափ» 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում:

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է արտոնել ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG