Մատչելիության հղումներ

Բենզինի դեֆիցիտ Ռուսաստանի որոշ շրջաններում


Ռուսաստան - Դատարկ բենզատարները լիցքավորման են սպասում մերձմոսկովյան կայաններից մեկում, 27-ը ապրիլի, 2011թ.
Ռուսաստան - Դատարկ բենզատարները լիցքավորման են սպասում մերձմոսկովյան կայաններից մեկում, 27-ը ապրիլի, 2011թ.
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պատասխանատու բոլոր պաշտոնյաներին շտապ պարզել` որն է երկրի որոշ շրջաններում արձանագրված վառելիքի դեֆիցիտի պատճառը:

Հաղորդումների համաձայն, անցած շաբաթավերջից Ալթայի երկրամասում եւ մի շարք այլ շրջաններում բենզինի համար հսկայական հերթեր են գոյանում, բազմաթիվ լցակայաններում վառելիքը վաճառում են միայն մշտական հաճախորդներին, յուրաքանչյուրին` 20 լիտր չափաբաժնով:

Պաշտոնյաները ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նավթային ընկերություններին, փորձագետները` իշխանություններին, որոնք փորձում են կարգավորել գները նավթային շուկայում: Դեռեւս փետրվարին, մասնավորապես, վարչապետ Վլադիմիր Պուտինը պահանջեց նավթային ընկերություններից նվազեցնել գները, արդյունքում` գործարարների համար առավել շահավետ դարձավ վառելիքի արտահանումը, քան վաճառքը տեղական շուկայում:

«Դժվար է ասել, թե հիմա Ռուսաստանում վառելիքի ճգնաժամ է ստեղծվել», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է Ռուսական վառելիքի միության ղեկավար Գրիգորի Սերգիենկոն` հավելելով. - «Իրականում վառելիք կա, ուղղակի այն չի հասնում շուկայի բոլոր մասնակիցներին` գնագոյացման մեխանիզմների անգործության պատճառով»:

Քննարկելով թեման` փորձագետներից շատերը հիշում են Վլադիմիր Պուտինի վերջին ելույթներից մեկը Պետդումայում, որի ընթացքում վարչապետը հպարտությամբ նշել էր, թե Ռուսաստանը 2010 թվականին դարձել է առաջինն աշխարհում` նավթարդյունահանման ոլորտում:

«Ում մտքով կանցներ, որ աշխարհի առաջատար նավթարդյունաբերող երկիրը կկանգնի բենզինի դեֆիցիտի առջեւ», - անդրադառնալով թեմային` այսօր գրել է ֆրանսիական «Ֆիգարո»-ն եւ ընդգծել. - «Գործարարներին այլեւս ձեռնտու չէ բենզինը վաճառել հայրենական ավտոմոբիլիստներին, առավել ձեռնտու է այն արտահանել, հատկապես այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում բրենտ ապրանքանիշի բենզինի մեկ բարելը վաճառվում է 123 դոլարով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG