Մատչելիության հղումներ

Ստամբուլում վերջին հրաժեշտն են տալիս սպանված հայազգի զինվորին


Թուրքիա - Սեւակ Շահին Բալիքչիի հոգեհանգստյան արարողությունը, Ստամբուլ, 27-ը ապրիլի, 2011թ.

Թուրքիա - Սեւակ Շահին Բալիքչիի հոգեհանգստյան արարողությունը, Ստամբուլ, 27-ը ապրիլի, 2011թ.

Ստամբուլի Շիշլի թաղամասի Վարդանանց հայկական եկեղեցում չորեքշաբթի օրը տեղի է ունենում Թուրքիայի բանակում ապրիլի 24-ին սպանված ծագումով հայ զինծառայող Սեւակ Շահին Բալիքչիի հոգեհանգստյան արարողությունը:

Մարդկանց հոսքը դեպի եկեղեցի չի դադարում, երիտասարդի հիշատակին հարգանքի տուրք մատուցողների թվում են ե'ւ հայեր, ե'ւ թուրքեր:

Ծաղկեպսակներ են բերվել զինվորականների, ինչպես նաեւ տեղի իշխանությունների կողմից, ինչը, հայ համայնքի ներկայացուցիչների վկայությամբ, աննախադեպ փաստ է:

Այս դեպքը լուսաբանում են մեծ թվով լրատվամիջոցներ:

Մարմարա շրջանի Իշխանաց կղզիների քաղաքապետարանի պատգամավոր եւ քաղաքապետի խորհրդական Րաֆֆի Հերմոն Արաքսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հայ հասարակությունը, իհարկե, պետք է ցավեր այս դեպքի համար ու նաեւ ընդվզեր դրա դեմ, սակայն մի շատ հետաքրքիր, իրենց համար հատկանշական երեւույթ է թուրք հասարակության արձագանքը: Նա «պայթյունի նման» որակեց թուրքական մամուլի արձագանքը` չորեքշաբթի օրը բոլոր առաջատար թերթերի, հեռուստատեսության եւ ռադիոյի լուրերի մեջ սա ամենագլխավոր նյութն է:

Ինչ վերաբերում է հարցին` այս սպանությունը կապվա՞ծ է եղել ապրիլի 24-ի խորհրդի հետ, թե՞ ոչ` պաշտոնական աղբյուրները դեռեւս պնդում են, որ սպանությունը եղել է պատահական կրակոցի հետեւանքով:

Առաջին անգամ բանակում տեղի ունեցած սպանության դեպքում` դիակի զննությանը մասնակից են դարձրել նաեւ սպանված զինվորի հարազատներին` իրենց փաստաբանների հետ, ինչը հայ համայնքը շատ կարեւորում է, քանի որ բանակը փակ կառույց է եղել միշտ:

Հոգեհանգստի արարողությանը ներկա զինվորականները հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն անել:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG