Մատչելիության հղումներ

«Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունները խորացնում են Հայաստանի մեկուսացումը»


Թուրքիայի ամենաազդեցիկ անգլալեզու պարբերականի` Hurriyet Daily News-ի խմբագրի տեղակալ Բարջին Յինանջը, անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին, արձանագրում է. - «Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքականությունը է'լ ավելի է խորացնում Հայաստանի մեկուսացումը»:

«Կովկասում ուժերի փոփոխվող հարաբերակցությունը տագնապի ազդանշան է Հայաստանի համար, որի մեկուսացումը տարածաշրջանային դերակատարների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների արդյունքում կարող է ավելի խորանալ», - գրում է Յինանջը:

«Ռուսաստանը փորձում է բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը Թուրքիայի ուշադրությունից չի վրիպում: Դա է պատճառը, որ Թուրքիան, իր հերթին, ջանքեր է գործադրում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», - նշում է թուրք լրագրողը` հատուկ հիշեցնելով, որ պաշտոնական Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները երբեք էլ առանձնապես ջերմ չեն եղել: Դրա պատճառներից մեկը, հոդվածագրի պնդմամբ, Իրանի եւ Հայաստանի սերտ կապերն են:

Որպես տարածաշրջանային քաղաքականության նոր միտումների գլխավոր ապացույց Բարջին Յինանջը մատնանշում է իրանական Ուրմիա քաղաքում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները:

Hurriyet Daily News-ի հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձնում այն մթնոլորտի վրա, որում ընթացել են եռակողմ բանակցությունները:

«Ուրմիայի հանդիպման ընթացքում, երբ Էլմար Մամեդյարովն իր ճառը սկսեց անգլերենով, Թուրքիայի արտգործնախարարը նրան ընդհատեց եւ խնդրեց խոսել ադրբեջաներեն: Երբ Մամեդյարովը ելույթը շարունակեց իր մայրենի լեզվով, հանդիպման բոլոր մասնակիցները` բացառությամբ իրանական պատվիրակության երկու անդամների, հանեցին ականջակալներն ու սկսեցին Ադրբեջանի արտգործնախարարի ճառը լսել առանց թագմանության», - գրում է Hurriyet Daily News-ի փոխխմբագիրը`մեջբերելով բարձրաստիճան թուրք դիվանագետներից մեկի խոսքը. - «Այն, որ եռակողմ բանակցությունները կայացան Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիայում, շատ խորհրդանշական էր»:

Անդրադառնալով Ռուսաստանի քաղաքականության մեջ նկատվող փոփոխություններին` Բարջին Յինանջը գրում է. - «Փետրվարին Ռուսաստանը Ադրբեջանի եւ Իրանի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծեց, որը պետք է զբաղվի իրանական Ղազվինից ադրբեջանական Աստարա առափնյա քաղաք տանող երկաթգծի շինարարությամբ: Այդ ուղու կառուցման դեպքում Ռուսաստանն ուղղակի կապ կհաստատի իրանական նավահանգիստների հետ»:

Բացի այդ, Բարջին Յինանջը նկատում է, որ վերջին շրջանում Ռուսաստանն աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս առթիվ թուրք դիվանագետներից մեկը Hurriyet Daily News-ին ասել է. - «Ռուսները մեզ ամեն ինչ չէ, որ ասում են, սակայն մենք հասկանում ենք, որ ռուսաստանյան դիվանագիտությունը որոշ թարմ մտքեր է առաջ քաշում, որոնք միտված են փակուղային այս իրավիճակի հաղթահարմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG