Մատչելիության հղումներ

Թուրք քանդակագործը մտադիր է վերակերտել հայ - թուրքական բարեկամության արձանը


Քանդակագործ Մահմեդ Աքսոյ

Քանդակագործ Մահմեդ Աքսոյ

Թուրք քանդակագործ Մեհմեդ Աքսոյն ասում է, որ խիստ վիրավորված է Թուրքիայի իշխանություններից, ովքեր սկսել են ապամոնտաժել Կարսում իր քանդակած Մարդկության հուշարձանը:

«Այսօր նրանք նախ կտրել են հուշարձանի գլխամասը եւ պատրաստվում են տանել այն աղբանոց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց քանդակագործը՝ մեծ ափսոսանք հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ: - «Ինձ համար դժվար է խոսել այս մասին: Ես շատ ցավում եմ դրա համար, եւ ինքս շատ վատ եմ զգում որպես քանդակագործ, քանի որ նրանք արվեստն ու արվեստագետին են ոչնչացնում, մեր խաղաղության հույսն են ոչնչացնում այս հուշարձանի հետ: Իշխանություններն ասում են, թե խաղաղություն են ուզում, բայց դա խաղ է իրականում: Նրանք ստում են»:

Մեհմեդ Աքսոյը քանդակի վրա սկսել է աշխատել 2006 թվականից: Աշխատանքը տեւել է 3 տարի: Հուշարձանը կառուցել է Կարսի քաղաքապետարանի պատվերով` որպես ժողովուրդների բարեկամության եւ խաղաղության խորհրդանիշ: Ասում է, որ քանդակը պատրաստ լինելուց հետո այն ոչ մի քննադատության չի արժանացել:

«Թուրքիայի վարչապետն այցելեց Կարս, հուշարձանը «հրեշ» կոչեց եւ հանձնարարեց քանդել այն` նշելով թե չի ուզում տեսնել հաջորդ այցելության ժամանակ: Այն ժամանակ բոլորը հավանում էին հուշարձանը, եւ ոչ ոք դեմ չէր դրան: Կարծում եմ, իշխանությունը փոխվեց ու ամեն ինչ դրանից սկսվեց», - պատմում է Աքսոյը։

2006 թվականին Կարսը ղեկավարում էր Թուրքիայի վարչապետի գլխավորած Արդարություն եւ առաջընթաց կուսակցության անդամ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով եւ նախաձեռնել էր հուշարձանի կառուցումը: Սակայն 2008 թվականին նա, հակասություններ ունենալով կուսակցության հետ, հրաժարական է տվել եւ անցել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության շարքերը: Այժմյան գործող քաղաքապետը դարձյալ իշխող «Արդարություն եւ առաջընթաց» կուսակցության անդամ է:

Ըստ Մեհմեդ Աքսոյի, քանդակի դեմ գործընթացն ակտիվացավ հատկապես ամռանը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ վարչապետ Ռեջեփ Էրդողանը խնդիր ունի գոհացնել ազգայնականներին եւ գրավել նրանց ձայները:

«Սա կարծես մեսիջ էր ազգայնականներին: Կասեն, տեսեք, Էրդողանը լավն է: Նա ազգայնական է, գնանք նրան ընտրենք», - մեկնաբանում է քանդակագործը։

Անցած շաբաթ թուրք արվեստագետները ցույց էին կազմակերպել Կարսում: Հարցին, թե արդյո՞ք դա որեւէ բան փոխեց, Մեհմեդ Աքսոյը պատասխանեց, որ Կարսի հասարակության վերաբերմունքն է փոխվել: Նրանք այսօր փորձում են պաշտպանել հուշարձանը: Եվ դա, ըստ քանդակագործի, կանդրադառնա առաջիկա ընտրությունների արդյունքների վրա:

Թուրք քանդակագործը հավելեց, թե մտադիր է ապագայում նույն հուշարձանը կրկին կառուցել Կարսում:
XS
SM
MD
LG