Մատչելիության հղումներ

Վարչապետը միջին խավի վերաբերյալ զեկույց է ներկայացրել


Երեւանում այսօր կայացած «Արժեքների դերն անցումային հասարակություններում» համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել միջին խավի վերաբերյալ զեկույցով:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) եւ Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համատեղ համաժողովին մասնակցել են նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀԿ անդամներ, փորձագետներ:

Համաժողովի ընթացում զեկույցներով հանդես են եկել նաեւ ԵԺԿ խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխան, արքեպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը եւ Ռաուլ դե Լուցենբերգերը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը իր զեկույցում ներկայացրել է «միջին խավ» հասկացության տարբեր ընկալումները: Նա անհրաժեշտ է համարել Հայաստանում միջին խավի կարողությունների դրսեւորման եւ իրացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը` ընդգծելով, որ առանց միջին խավի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողություն չեն ունենա:

Ըստ վարչապետի` Հայաստանում միջին խավի ձեւավորման համար անհրաժեշտ է «մասնավոր սեփականության պաշտպանության իրական ինստիտուտների ձեւավորում, օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքար, մրցակցային բարենպաստ միջավայրի ձեւավորում եւ բիզնես դիսցիպլինայի պահպանում, ինչպես նաեւ այն արժեքների տարածումը, որոնց կրողը պետք է լինի միջին խավը»:

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը կարեւորել է առաջին անգամ Հայաստանում ՀՀԿ-ի եւ ԵԺԿ-ի մասնակցությամբ նմանատիպ համաժողովի անցկացումն այն առումով, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, եւ արժեքային համակարգը ԵԺԿ-ի համար ունի էական նշանակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG