Մատչելիության հղումներ

Զատկի օրը Տվերում բախում է եղել հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ


Տվերի այս փողոցում է, ականատեսների վկայությամբ, տեղի ունեցել բախումը: (Լուսանկարը` «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթից)
Տվերի այս փողոցում է, ականատեսների վկայությամբ, տեղի ունեցել բախումը: (Լուսանկարը` «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթից)

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, Տվերում հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցել բախում եւ փոխհրաձգություն։

Ըստ ականատեսների, ապրիլի 24-ին երեկոյան ժամը 17։30-ին Տվերի Տուպոլեւի եւ Պրժեվալսկու փողոցների խաչմերուկում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ նախ ձեռնամարտ է սկսվել, կողմերը փայտեր եւ բեյսբոլի ծեծաններ են կիրառել, իսկ որոշ ժամանակ անց մոտակայքում կայանված BMW եւ Audi մակնիշների ավտոմեքենաներից հրազենից կրակ են բացել։

Բախման մեջ ներքաշվել է շուրջ վեց տասնյակ մարդ, որոնցից 7-ը վիրավորվել է, 23-ին ձերբակալել, ապա ավելի ուշ ազատ են արձակել։

Ոստիկաններին միջադեպի մասին են հայտնել մոտակա բենզալցակայանի աշխատակիցները։

«Ես դուրս նայեցի, թվաց, թե մարտաֆիլմ եմ դիտում` մարդիկ կռվում էին փայթերով, հետո կրակոցներ հնչեցին։ Մեր կայան մտավ մի տղամարդ, ասաց, որ այնտեղ ավտոմատներից են կրակում եւ վայր ընկավ»,- ասել է լցակայանի աշխատակից Նատալյան եւ շարունակել.- «Նրա ձեռքը վնասված էր, մենք առաջարկեցինք շտապօգնություն կանչել, սակայն նա հրաժարվեց, ասելով, թե ինքն էլ բժիշկ է։ Շուտով նրա ետեւից եկավ մի մեքենա, եւ նա գնաց»։

Հիվանդանոցներ տարբեր աստիճանների վնասվածքներով 7 մարդ է դիմել։ Ձերբակալվածների թվում կան եւ հայեր եւ ադրբեջանցիներ։

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, այդ օրը Տվերում առաջին միջադեպը տեղի էր ունեցել քաղաքի գրեթե կենտրոնում` Վոլոկոլամսկի պողոտայում կառուցվող հայկական եկեղեցու մոտ։ Այնտեղ ժամը 16։00-ին ավարտվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո արարողությունը։

Այդ պահին հայտնվել են մեքենաներ, որոնց պատուհաններից դուրս էին կախված թուրքական եւ ադրբեջանական դրոշներ։ Մեքենաներում բարձր եւ ուրախ երաժշտություն է հնչել։ Մեքենաները մոտեցել են կառուցվող եկեղեցուն, կրակոցներ են լսվել։

Եկեղեցու պահակ Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, մարդիկ օդ են կրակել, կրակահերթերը մոտ երկու րոպե են տեւել։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հաղորդում է, որ թղթակիցները զանգահարել են Տվերի հայ եւ ադրբեջանական համայնքների ղեկավարներին։

«Այդ օրը մենք նշել ենք մեր ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձության` Ցեղասպանության տարելիցը։ Մենք եկեղեցում էինք, ես ժամը 4-ին հեռացա, հետո ինձ հաղորդեցին միջադեպի մասին։ Ես անմիջապես կապվեցի ադրբեջանական համայնքի ղեկավար Ֆայազ Փաշաեւի հետ, եւ մենք միասին գնացինք հրահրողներին բացահայտելու», - ասել է Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կազմակերպության նախագահ Սեյրան Կոչկանյանը։

Ֆայազ Փաշաեւը, իր հերթին, ասել է, թե տեղի ունեցածի համար երիտասարդներն են պատասխանատվություն կրում։


«Նորմալ հասուն մարդիկ նման բաներ չեն անի, դա ինչ-որ լակոտների, անգործ ջահելների սարքած բան է։ Նրանց բոլորին արդեն բացահայտել են եւ, համոզված եմ, կպատժեն։ Նման բաներ չի կարելի թույլ տալ»,- ասել է Փաշաեւը։

Ըստ թերթի, երեկվա դրությամբ տեղի ունեցածի փաստով ոչ մի քրեական գործ դեռ չէր հարուցվել։

Թերթը վկայակոչել է նաեւ Տվերի ոստիկաններին, ովքեր պնդում են, թե բախման մասնակիցների մեծ մասը «ոսկի երիտասարդության» ներկայացուցիչներ են. - «Դրանք Տվերի բուհերի լկստված ուսանողներ են, ովքեր փորձել են պարզել, թե իրենցից ով է ավելի «հեղինակավոր», այստեղ Ցեղասպանությունը կամ Զատիկը կապ չունեն»։

Նրանց մոտ տրավմատիկ զենք է եղել եւ «Սայգա» տեսակի հրացան, թուրքական դրոշներ չեն եղել, մեքենաներից մեկում միայն ադրբեջանական դրոշ է գտնվել»,- թերթին հայտնել է ոստիկաններից մեկը, ով նաեւ հաստատել է, որ ձերբակալվածներին ազատ են արձակել, քանի որ քննիչը չի տեսել նրանց կալանքի տակ առնելու անհրաժեշտություն։

«Բախումը հրահրած մարդիկ անպայման կկանչվեն պատասխանատվության, այդ թվում` քրեական»,- հավաստիացրել է ոստիկանության ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG