Մատչելիության հղումներ

«Երաժշտության մեջ, հատկապես երգային երաժշտության մեջ բարձունք չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասած հայազգի անվանի տենոր Վահան Միրաքյանը` շարունակելով. - «Մարդ պետք է միշտ բարձրանա, բայց գագաթը չի երեւալու»:

Խորհրդային Հայաստանից ավելի քան 30 տարի առաջ հեռացած հանրահայտ երգիչը Հայաստանում է ապրիլի սկզբից եւ պատրաստվում է իր ծննդյան 75 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշել վաղը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական համերգին կմասնակցեն նաեւ արտասահմանից ժամանած կատարողներ` Միրաքյանի աշակերտները: Համերգը բարեգործական է` հասույթը տրամադրվելու է սակավարյունությամբ տառապող երեխաներին:

Հիմնականում Ավստրիայում ապրող հանրահայտ տենորը հանդես է եկել աշխարհի լավագույն օպերային թատրոններում, աշխարհահռչակ երգիչների ու երաժիշտների հետ:

«Այս անգամ, որ արդեն 75 տարիս պետք է լրանար, ես ասացի, որ երբեք իմ ժողովրդի հետ իմ ծնունդը չեմ նշել: Ես եկել եմ ոչ միայն ծնունդս նշելու այստեղ, ես եկել եմ իմ ժողովրդին իմ կողմից էլ նվեր անելու` որ ես դեռ երգում եմ: Ուզում եմ այդ օրը ոչ միայն իմ տոնը լինի, ուզում եմ իմ ձայնով, իմ ընկերներով եւ իմ ելույթներով այդ տոնը անեմ իմ ժողովրդի համար: Ես եկել եմ ցույց տալու, որ 75 տարեկան հասակում դեռ Վահան Միրաքյանը կա, եւ հիսուն տարի բեմի վրա լինելով` ես մի դեւիզ ունեմ կյանքի` կուզենայի այնքան ապրել, ինչքան կարող եմ երգել», - ասաց երգիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG