Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն «ամեն ինչ կանի»՝ բացահայտելու լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը


Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետ Հովհաննես Թամամյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ լրագրողների նկատմամբ իրականացված ոտնձգություններն իրավապահների ուշադրության կենտրոնում են եւ արվում է ամեն ինչ, որպեսզի դրանք բացահայտվեն։

«Սա դարձել է մեզ համար ամենօրյա, ամենժամյա ուշադրության համար առաջին հարցերից մեկը: Մենք ամեն ինչ անելու ենք այս արատավոր հանցատեսակի դեմ, որը, իրոք, մեր կատարած հսկայական աշխատանքի արդյունքին «ցեխ շպրտող» հարց է դարձել», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ վերջ կդրվի լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին։

Թամամյանի վերլուծությամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ հանցագործությունների հիմնական ակտիվությունը նախընտրական ժամանակաշրջաններում է եղել:

Հարցին, թե չի՞ կարծում, որ լրագրողները պետք է զենք կրելու իրավունք ունենան, Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը պատասխանեց. - «Այո, ես կողմնակից եմ, որ կիրթ, բանիմաց մարդը ունենա զենք»:

«Այն, որ Armenia Today էլեկտրոնային պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ իրականացված բռնության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է Ազգային Անվտանգության ծառայության ենթակայության տակ, մտահոգիչ չէ», - հայտարարեց Թամամյանը։ - «Միգուցե հարմար գտան, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվի: Ե՜վ ոստիկանության քննչական ծառայությունը, ե՜ւ քրեական հետախուզությունը համատեղ, Ազգային անվտանգության հետ զբաղվելու ենք Արգիշտի Կիվիրյանի դեպքի բացահայտման ուղղությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս պատահեց, որ դեպքի վայրում իրավապահները չէին հայտնաբերել հրազենի պարկուճներ այն դեպքում, երբ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ դեպքի վայրում արված լուսանկարներում պարկուճներ են երեւում, Հովհաննես Թամամյանը արձագանքեց. - «Ես չգիտեմ… Եթե մեկը վերցրել է պահել է, թող բերի, ներկայացնի: Մենք ունեցած փաստով, դեպքի վայրի զննությամբ չենք հայտնաբերել»:

Հարկ է նշել, սակայն, որ ուրբաթ օրը Գագիկ Շամշյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այդ լուսանկարները խտասկավառակով հանձնել է իրավապահներին:

Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնարարքի փաստի առիթով քրեական գործը հարուցվել է դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու հատկանիշներով: Մինչդեռ, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը օրերս հայտարարեց, թե կատարվածը մահափորձի տարրեր է պարունակում։ Հարցին, թե արդյո՞ք լրագրողի նկատմամբ կատարվածն իրավապահները մեղմ չեն որակել, Թամամյանը պատասխանեց. - «Երեւի թե, նախաքննությամբ համարժեք ապացույցներ ձեռք բերելու պարագայում… ես կարծում եմ, որ մեր նախաքննությունը շատ օբյեկտիվ է, եւ պրոֆեսիոնալ անձինք են, անպայման կվերաորակեն՝ եթե կդառնա սպանության փորձ: Եթե Արգիշտի Կիվիրյանը համարժեք ցուցմունքներ կտա, եթե մենք կողքից լրացուցիչ ապացույցներ ձեռք կբերենք»:

Արգիշտի Կիվիրյանի կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե չի հավատում, որ գործը օբյեկտիվ լուծում» կստանա. - «Միայն այն, որ հարուցվել է քրեական գործ դիտավորությամբ թեթեւ մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ, միայն այդ պարկուճների հետ կապված հանքամանքը, որ հայտնի է բոլորիս, որ անհայտացան դեպքի վայրից, արդեն իսկ ինձ հիմք է տալիս պնդելու, որ այս գործը օբյեկտիվ չի կարող քննվել»:

Ինչ վերաբերում է լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին եւ դրանց բացահայտմանն ընդհանրապես, ապա Քրեական հետախուզության գլխավոր վարչություն պետի փոխանցմամբ, 1992 թվականից մինչ օրս բռնության է ենթարկվել 17 լրագրող։

Հովհաննես Թամամյանը նշեց ընդամենը երկու բացահայտված դեպք՝ 2005 թվականի հանրաքվեի քարոզարաշավի ժամանակ «Հայլուր»-ի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի եւ 2008 թվականին «Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանի դեմ իրականացված ոտնձգությունները։

Բաղդասարյանի մասով պաշտոնյան հավելեց հետեւյալը. - «Գործը ավարտված չէ, քանի որ, ըստ տուժող Բաղդասարյանի, իրեն ծեծի ենթարկողները եղել են ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Մնացածի մասով քննչական գործողությունները դեռ շարունակվում են»:
XS
SM
MD
LG