Մատչելիության հղումներ

Գուրգեն Դալիբալթայան. «Ցավում եմ, որ մարտական ընկերներս ազատազրկված են»


Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսում անդրադարձավ նաեւ հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված ազատամարտիկներին:

«Ցավում եմ, որ այսօր իմ մարտական ընկերները ազատազրկված են: Խոսքը մարտի 1-2-ի դեպքերից հետո ձերբակալվածների մասին է: Մենք միասին գրոհի ենք գնացել: Հիմա ես զինվորական համազգեստով ձեզ հետ նստած եմ, իսկ նրանք ճաղերի ետեւում են», - ասաց նա: - «Օրենքը, սակայն, օրենք է, եւ ես հիմա չեմ կարող ասել, որ հարկավոր է նրանց անհապաղ ազատ արձակել: Սակայն սա իմ ցանկությունն է, ես մտահոգված եմ: Դա ինձ ցավ է պատճառում: Ես կարծում եմ, որ արդարությունը կհաղթի եւ, մեր նախագահը միջոցներ կձեռնարկի, որ նրանք ազատ արձակվեն: Ես դրանում համոզված եմ»:


Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, իր հերթին, ասաց, որ Շուշիի ազատագրման տարելիցը հնարավոր չէ լիարժեքորեն նշել, երբ անազատության մեջ են իր մարտական ընկերները. - «Չեմ ուզում բոլորի անունը թվարկել: Սասուն Միքայելյանի անունը հիշատակելով՝ հիշատակած լինեմ բոլոր պատերազմի մասնակիցներին: Առաջին հերթին, բոլորս շնորհավորում ենք իրենց տոնը»:

«Մենք ազատագրեցինք մեր հայրենի հողը, սակայն մենք չկարողացանք ստեղծել այնպիսի մի երկիր, որ հնարավորինս մեր խիղճը հանգիստ լիներ», - հավելեց Սեֆիլյանը:

Եռաբլուրում իր ընկերների շիրիմին այցելության եկած ազատամարտիկներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Տարեցտարի մոռացվում է… այսօր տեսեք, ինչքան քիչ մարդիկ են եկել, որովհետեւ պետությունը չի տանում համապատասխան աշխատանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG