Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 64-ամյակի նախօրեին հատուկ ուղերձով դիմել է Վրաստանի քաղաքացիներին եւ շնորհավորել բոլոր վետերաններին:

«Համատեղ պայքարը ֆաշիստ զավթիչների դեմ ռուս-վրացական դարավոր բարեկամության ամենահիշարժան եւ հերոսական էջերից մեկն է: Մենք երբեք չենք մոռանա այն, որ տապալված Ռեյխսթագի վրա դրոշը կանգնեցրել են ռուս Միխայիլ Եգորովն ու վրացի Մելիտոն Կանտարիան», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` գրել է Մեդվեդեւն իր ուղերձում: - «Ընդհանուր պատմական ժառանգությունը, բարիդրացիական հարաբերությունների եւ բարեկամության ավանդույթները մեր երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ վստահության եւ փոխըմբռնման վերականգնման ամուր հիմքն են: Մեր ժողովուրդները երբեք թշնամի չեն եղել»:

«Չնայած Ռուսաստանի եւ Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր լուրջ փորձության են ենթարկվում, մարդկային ուղիղ շփումները, հասարակական եւ մշակութային կազմակերպությունների համագործակցությունը առայսօր շարունակվում են, չեն թուլանում նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի Ուղղափառ եկեղեցիների կապերը», - նշում է Ռուսաստանի նախագահը իր ուղերձում:

Հույս հայտնելով, որ «հոգեւոր առումով մերձավոր» երկու ժողովուրդների միջեւ կզարգանան փոխշահավետ եւ գործընկերական հարաբերություններ, Մեդվեդեւը Մեծ հայրենականի վետերաններին առողջություն եւ բարեկեցություն է մաղթել, իսկ համայն Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարություն ու համաձայնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG