Մատչելիության հղումներ

Վկան հրաժարվում է Միքայելյանի դեմ տված ցուցմունքից


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ դատարավորությունը: Վկաներից Յաշա Մելքոնյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում սուտ ցուցմունք է տվել:

«Ես սուտ եմ գրել», - ասաց նա: - «Ներողություն եմ խնդրում դրա համար: Ես շատ վատ վիճակում էի: Ասում էին՝ գրի, [գրում էի], մենակ թողեն գնամ մի տեղ պառկեմ… Շատ բաներ իրենք [քննիչները] են թելադրել»:

Մելքոնյանը, ով մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ ոստիկանի կարգադրությունը չկատարելու համար, դատարանում նաեւ ասաց, որ մոտ 10 օր առաջ իրեն կանչել են դատախազություն եւ ասել՝ ցուցմունք կտաս, որ կատարել ես Սասուն Միքայելյանի հրահանգները:

Դատարանում, այդուհանդերձ, Մելքոնյանը այսօր ասաց, որ այդ ցուցմունքները գրել է քննիչների թելադրանքով:

Միքայելյանի պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե՝ ինչից ելնելով է նախաքննությանը տվել նման ցուցմունք, վկան արձագանքեց. - «Այ, ցավդ տանեմ, մարդու մատը կտրվում է՝ ցավից մեռնում է, ես ուզում է մի տեղ ճարեի, շուտ պրծնեի, գնայի, պառկեի… Մեռնում էի ցավից»:

Վկան ասաց նաեւ, որ նախքան դատախազություն գնալը եղել է Հրազդանի ոստիկանությունում, որտեղ իրեն ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք՝ Հրազդանի ոստիկանության քրեական բաժնի պետ Սերգեյ Մարկոսյանի գլխավորությամբ:

«Ուշքի եկա այն ժամանակ, որ կռացած էր, քաշեցի Մարկոսյանի Սերգոյի դեմքից [դիմակը]», - պատասխանելով Սասուն Միքայելյանի հարցին, ասաց վկան:

Նա պատմեց նաեւ, որ դատախազություն գնալուց երկու օր հետո ոստիկանները խուզարկել են իր բնակարանը եւ մեկ գրամ կանեփի առիթով քրեական գործ են հարուցել որդու նկատմամբ:

«Ուզում էին ինձ շանտաժի ենթարկել, որ ես իմ խոսքերը չպնդեմ այստեղ», - ասաց նա:

«Ամենադաժանը այն չէ, որ իմ ընկերոջը ծեծում են», - նիստի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը: - «Ամենադաժանը այն է, որ իմ ընկերոջը ծեծում են եւ ասում են՝ ցուցմունք տուր քո հրամանատարի դեմ»:

Յաշա Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հաղորդում է ներկայացնելու ոստիկանություն՝ իր նկատմամբ ճնշումների կապակցությամբ:

Դատավարությունը կշարունակվի մայիսի 12-ին:
XS
SM
MD
LG