Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Վրաստանում` Թբիլիսիից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վազիանիի ռազմակայանում, մեկնարկեցին ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնց, ըստ նախնական ծրագրի, պետք է մասնակցեր շուրջ 1300 զինվորական` կառույցին անդամակցող եւ գործընկեր 19 երկրներից:

«Համատեղ աղեղ - Համատեղ նիզակակիր» անունը կրող այս զորավարժությունները անցկացվում են 2006 թվականից: Անցած տարի վարժանքները կազմակերպվել էին Հայաստանում եւ անցել առանց որեւէ խոչընդոտի: Նույն վարժանքները Վրաստանում անցկացնելու ՆԱՏՕ-ի որոշումը, սակայն, կոշտ դիմադրության արժանացավ Ռուսաստանի կողմից: Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայաններից ընդամենը 70 կիլոմետր հեռավորությամբ անցկացվող այդ զորավարժությունները պաշտոնական Մոսկվան «կարճատես եւ տարածաշրջանի համար վնասակար» քայլ որակեց եւ հորդորեց հրաժարվել այդ գաղափարից:

«Չպետք է ռազմական վարժանքներ անցկացնել այն վայրերում, որտեղ վերջերս են պատերազմական գործողություններ եղել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

«Վարժանքներ անցկացնելու փոխարեն պետք է ստիպել Վրաստանի ներկայիս վարչակազմին իրականացնել իր ստանձնած պարտավորությունները», - անցած ամիս հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ընդգծել. - «Ռուսաստանը չի մասնակցելու այս վարժանքներին եւ նույնը խորհուրդ է տալիս նաեւ մյուս երկրներին»:

Չնայած Մոսկվայի նախազգուշացումներին ու հորդորներին` ՆԱՏՕ-ն տեղի չտվեց, փոխարենը` վարժանքներին մասնակցելու պատրաստակամությունից ետ կանգնեցին Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող մի շարք երկրներ` Ղազախստանը, Մոլդովան, Սերբիան: Երեքշաբթի օրն էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, մասնավորապես, ասված է. - «Ստեղծված հանգամանքներից ելնելով` Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին»:

Երեքշաբթի օրը պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, թե մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում զինվորականները ապստամբություն են բարձրացրել, որի թիկունքում կանգնած է Ռուսաստանը: Վրաստանի բարձաստիճան պաշտոնյաները պնդում են, թե Մոսկվան այդ քայլով փորձել է նվազագույնը խափանել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, առավելագույնը` հասնել նախագահ Սահակաշվիլիի պաշտոնանկությանը:

Նույն օրը ուշ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքեց այս մեղադրանքները: Միեւնույն ժամանակ, հայտնի դարձավ, որ ի նշան բողոքի` Ռուսաստանի արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ մայիսի 18-ին նախատեսված պաշտոնական բարձրաստիճան հանդիպմանը, որն այս ձեւաչափով առաջինն էր լինելու կողմերի միջեւ` անցած տարվա ռուս - վրացական կարճատեւ պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG