Մատչելիության հղումներ

Եվրոպայի խորհուրդը 60 տարեկան է


Այսօր լրանում է Եվրոպայի ամենահին եւ ընդարձակ կառույցի` Եվրախորհրդի հիմնադրման 60-ամյակը:

Կազմակերպությանը 46 այլ երկրների հետ անդամակցում է նաեւ Հայաստանը:

Ներկայումս կառույցին չի անդամակցում Հին աշխարհի ընդամենը մեկ երկիր` Բելառուսը, որի հատուկ հյուրի կարգավիճակը արգելափակվել է մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում առկա բացթողումների պատճառով:

Թեեւ վիճակագրական ուսումնասիրությունները փաստում են, որ մինչ օրս եվրոպացիների մեծ մասը երբեւէ չի լսել այս կազմակերպության մասին, այդուամենայնիվ, փորձագետները վստահեցնում են, որ անցած տասնամյակների ընթացքում Եվրախորհուրդը հսկայական արդյունքներ է արձանագրել իր հիմնական առաքելությունների` մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ոլորտում:

«Եվրախորհուրդը առաջնային տեղ է զբաղեցնում տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով, թելադրում է չափանիշներ եւ իրականացնում դրանց պաշտպանությունը տարբեր մեխանիզմների միջոցով», - European Voice («Եվրոպայի ձայն») պարբերականին ասել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Իրենե Խանը:

Փորձագետները հատկապես արդյունավետ են համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեությունը, որը միայն անցած տարվա ընթացքում ավելի քան 50 հազար դիմում է ստացել կազմակերպության անդամ երկրներից, 95 հազար մարդ այս պահին սպասում է իր հայցի քննությանը:

«Տարեցտարի ավելացող դիմումների թիվը վկայում է, որ մարդիկ վստահում են այս կառույցին: Մյուս կողմից, շատերին է հուսահատեցնում այն հանգամանքը, որ ստիպված են մի քանի տարի սպասել դատարանի վճիռը ստանալու համար», - ասում են փորձագետները:

Դիմումների ընթացակարգը ավելի պարզ եւ արագ դարձնելու համար Եվրախորհուրդը այժմ առաջարկում է մի շարք բարեփոխումներ իրականացնել այս համակարգում: Ռուսաստանը, սակայն, դեմ է արտահայտվում եւ խոչընդոտում է դրանց: Հատկանշական է, որ անցած տարվա ընթացքում ամենամեծ թվով դիմում-բողոքներ Եվրոպական դատարանը ստացել է հենց Ռուսաստանից:

European Voice պարբերականը գրում է, թե այս հարցում շատերն են քննադատում Եվրախորհրդին` պնդելով, թե չարժեր կառույցի անդամ դարձնել մարդու իրավունքների նկատմամբ անլուրջ վերաբերմունք ունեցող երկրներին:

Հակառակ տեսակետի պաշտպանները, սակայն, պնդում են, թե ավելի լավ է, որ Ռուսաստանի նման երկրները լինեն կազմակերպության ներսում, քան նրանից դուրս:

«Ինձ, ի վերջո, արդյունքներն են հետաքրքրում», - ասել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եւ ընդգծել. - «Եթե, օրինակ, Ռուսաստանը չլիներ Եվրախորհրդի անդամ, այդ երկրի քաղաքացիները Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն չէին ունենա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG