Մատչելիության հղումներ

«Հյուրիեթ». «Որոշիչ դեր խաղաց «ցեղասպանություն» բառի օգտագործման սպառնալիքը»


Բարաք Օբամայի հանդիպումը Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 6 ապրիլի, 2009
Բարաք Օբամայի հանդիպումը Ռեջեփ Էրդողանի հետ, Անկարա, 6 ապրիլի, 2009

«Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործման սպառնալիքն էր, որ որոշիչ դեր խաղաց հայ - թուրքական համատեղ հայտարարության ի հայտ գալու ճանապարհին», - պնդում է թուրքական «Հյուրիեթ»-ը։

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները թերթի լրագրողներին այդպես են բացատրել պաշտոնական Անկարայի` ապրիլի 24-ից մեկ օր առաջ Հայաստանի արտգործնախարարության հետ համատեղ հայտարարություն ստորագրելու պատրաստակամությունը։

Դիվանագետների խոսքով՝ «ցեղասպանություն» բառի օգտագործումն էր այն հիմնական ճնշման ձեւը, որ կիրառեցին ամերիկացիները հայ - թուրքական հարաբերություններում առաջընթաց արձանագրելու համար։

Ըստ թուրքական աղբյուրների` ապրիլի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների նախագահը ուղղակիորեն օգտագործել է թուրքերի համար անընդունելի «ցեղասպանություն» բառը։ Բայց նույնիսկ հայերեն «Մեծ Եղեռն» բառակապակցության օգտագործումը ապրիլքսանչորսյան ուղերձում` Թուրքիայի քաղաքական ուժերի համար ծանր հարված էր։

Եթե նախագահ Գյուլը պարզապես ափսոսանք հայտնեց, թե Օբաման հիշել է միայն 1915 թվականի հայ նահատակներին, անտեսելով Առաջին աշխարհամարտի ընթացքում զոհված մահմեդականներին, ապա թուրքական ընդդիմությունը ավելի կտրուկ էր։

Ժողովրդական հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, մասնավորապես, շաբաթասկզբին ելույթ ունենալով կուսակցության խորհրդարանականների առջեւ, հայտարարեց. - «ԱՄՆ-ի նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը,
ԱՄՆ-ի նախագահը ցույց տվեց, որ միանշանակորեն կիսում է Հայաստանի եւ Սփյուռքի մոտեցումները:
Իսկ թուրք ազգայնականների ղեկավար Դեւլեթ Բահչելիի համոզմամբ` «ցեղասպանություն» բառի օգտագործումը յուրատեսակ «դամոկլյան սուր» էր՝ կախված Թուրքիայի գլխին։

«Հայերեն բառակապակցությունն օգտագործելով` Օբաման հստակորեն ցույց տվեց, որ համաձայն է հայերի հետ։ Թուրքիայի ղեկավարությունը եւ անձամբ վարչապետ Էրդողանը պետք է ընդունեն իրենց կատարած սխալներն ու փորձեն ուղղել դրանք», - պնդում է Թուրքիայի ազգայնական շարժման ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG