Մատչելիության հղումներ

Եվրամիության պաշտոնյաները «անհեթեթ» են որակում Լավրովի հայտարարությունը


Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները այսօր «անհեթեթ» են որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովի հայտարարությունը, թե Եվրամիությունը ծրագրում է ազդեցության ոլորտ ստեղծել նախկին խորհրդային տարածքում:

Մարտի 21-ին Լավրովը ասել էր, թե Եվրամիությունը փորձում է «ազդեցության ոլորտ» ստեղծել Արեւելյան Եվրոպայում` Արեւելյան գործընկերության ծրագիր նախաձեռնելով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ:

Եվրամիության նախագահող Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, մասնավորապես, այսօր հայտարարել է, թե Լավրովը «ինքն էլ գիտի, որ դա անհեթեթություն է»: «Մենք այն տեսակետի համոզված պաշտպաններից ենք, որ չպետք է լինեն ազդեցության ոլորտներ` ո՛չ Ռուսաստանի, ո՛չ մեզ համար», - ընդգծել է Շվարցենբերգը:

DPA գործակալության վկայությամբ` Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, իր հերթին, վստահեցրել է, որ Լավրովի մեղադրանքները պարզապես «ճիշտ չեն»:

«Կա երկրների մի խումբ, որոնց հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք` հարեւան լինելու, առեւտրի, բազմաթիվ այլ պատճառներով: Մենք ցանկանում ենք հարաբերությունների մի մեխանիզմ հաստատել, որը ավելի կայուն է, ավելի ինստիտուցիոնալ, եւ դա որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետ», - ընդգծել է Սոլանան:

Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող եւ հուլիսից Եվրամիության նախագահությունը ստանձնող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը շեշտել է, որ «իմպերիալիստական հասկացություններով մտածում է Ռուսաստանը, այլ ոչ թե Եվրամիությունը»:

«Դա ինքնին վկայում է, որ նա [Լավրովը] անմիջապես մտածում է ազդեցության ոլորտների մասին հասկացություններով: Դա [գործընկերությունը] մեր պատասխանն է եվրոպական ինտեգրացմանը ավելի մոտենալու` հենց այդ պետությունների արտահայտած իղձերին», - ասել է Բիլդտը:

Արեւելյան գործընկերության ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Եվրամիության քաղաքական եւ առեւտրական կապերը վերոհիշյալ վեց երկրների հետ` փոխարենը պահանջելով ժողովրդավարության եւ ազատ շուկայական տնտեսության զարգացմանն ուղղված բարեփոխումներ: Ծրագրի մեկնարկը Եվրամիությունը տալու է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք գագաթնաժողովում, որին մասնակցելու են նաեւ վեց երկրների ղեկավարները:

Արեւելյան գործընկերության ծրագրի նախաձեռնությամբ Շվեդիան եւ Լեհաստանը հանդես են եկել 2008 թվականի սկզբին:

Վաղը Լյուքսեմբուրգում նախատեսված է Ռուսաստանի արտգործնախարարի հանդիպումը Եվրամիության դիվանագետների հետ, որի օրակարգի գլխավոր հարցերից մեկը լինելու է Արեւելյան գործընկերության ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG