Մատչելիության հղումներ

Օբամայի ուղերձը հարուցել է Անկարայի դժգոհությունը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը հարուցել է Անկարայի դժգոհությունը:

«Պատմության ուսումնասիրությունը չի մտնում քաղաքական գործիչների պարտականությունների մեջ. դրանով պետք է զբաղվեն պատմաբանները, մինչդեռ մենք պետք է խուսափենք հայտարարություններից, որոնք կարող են վնասել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին», - հայտարարել է Էրդողանը։

«Այսօրինակ նուրբ պատմական հարցերի շարունակական օգտագործումը որպես քաղաքական գործիք, ինչպես նաեւ լոբբիստական կազմակերպությունների կողմից դրանց շահարկումը խոչընդոտում է երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցմանը», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը` ընդգծելով. - «Եթե երրորդ կողմերը դադարեցնեն միջամտությունները, դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, լույս կսփռի պատմության վրա եւ հիմք կնախապատրաստի խաղաղության հաստատման համար»։

«Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է հիմարացնել, կամ շոյելով` հանգստացնել», - նաեւ ասել է Թուրքիայի վարչապետը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահն էր քննադատել Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը: «Անհրաժեշտ էր կիսել բոլորի ցավը»,– հայտարարել էր Աբդուլա Գյուլը եւ հավելել, թե այդ իրադարձությունների ընթացքում կյանքից զրկվել են նաեւ հարյուր հազարավոր թուրքեր եւ մահմեդականներ։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, ակնկալվում է, որ այս խնդիրները քննարկելու նպատակով Թուրքիայի վարչապետը ապրիլի 27-ին կմեկնի Ադրբեջան:

Իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էրդողանը երեկ անդրադարձել է նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ պաշտոնական Բաքվի մտահոգություններին:

«Վերջին 6 տարիներին, երբ մենք եկել ենք իշխանության, Ադրբեջանի խնդիրները դիտարկել ենք որպես մեր սեփական, ազգային պայքար, այնպես որ որեւէ մեկը չի կարող մեղադրել այս կուսակցությանը` Ադրբեջանի նկատմամբ սխալ քաղաքականության մեջ։ Սա միանշանակ է», - շեշտել է Ռեջեփ Էրդողանը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, Բաքվում նախատեսվող հանդիպումներից հետո Թուրքիայի վարչապետը կմեկնի Մոսկվա։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը, որտեղ նախագահը չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, փոխարենը կատարվածը բնորոշելով հայերեն` «Մեծ Եղեռն» բառերով, դժգոհություններ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG